Դժվարամատույց ժայռի գագաթին գտվող այս բերդը ժամանակին եղել է Ռուբինյանների իշխանապետության կարևոր ռազմակայանը․ ինչպե՞ս է կոչվում բերդը և ի՞նչ վիճակում է այսօր
Խոսքը Կիլիկյան Հայաստանում՝ Ամանոսի լեռնանցքում՝ դժվարամատույց ժայռի գագաթին գտնվող Սարվանդիքար, Սարվանդի Քար, Սարվանի Քար, Սարվան, Սարվանդավ անուններով հայտնի բերդի մասին է։

Սարվանդիքարն ուներ բնական ամուր դիրք և հզոր կուրտինա-պարիսպներ։ Այն 12-րդ դարում եղել է Ռուբինյանների իշխանապետության կարևոր ռազմակայանն ու բաժնետունը երկրի հարավարևելյան սահմանում։
1185 թվականին Սարվանդիքարը խարդախությամբ զավթել է Անտիոքի դուքսը։ Սակայն Լևոն Բ Մեծագործը 1187-ին այն ազատագրել և պարգևել է իր քեռու՝ Պապեռոնի բերդատեր իշխան Վասակ Հեթումյանի որդի Սմբատին։
Վերջինիս հաջորդել է ավագ որդին՝ Ժոֆրի Հեթումյանը, որն աղբյուրներում հիշվում է «քաջամարտիկ զինվոր»։
Ժոֆրի Հեթումյանի մահից (1261) հետո Սարվանդիքարում իշխել է նրա ավագ որդի Կոստանդինը, որն ամուսնացած էր Հեթում Ա թագավորի դուստր Ռիթայի հետ։ Նա վերանորոգել է 1266 թվականի երկրաշարժից ավերված Սարվանդիքարը, առևտրական պայմանագիր կնքել (1271) դրացի խաչակիր ասպետների հետ։
1276 թվականին Սարվանդիքարի մոտ տեղի ունեցած ճակաատամարտում հայկական զորաբանակը՝ Սմբատ Սպարապետի առաջնորդությամբ, ջախջախել է Կիլիկիա ներխուժած Մամլուքների սուլթանության զորքերին և մատնել խուճապահար փախուստի։
13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին Սարվանդիքարում իշխել են Կոստանդին Հեթումյանի եղբայրներ Օշինն ու Սմբատը։ 1337 թվականին Սարվանդիքարը զավթել է Մամլուքների սուլթանությունը, իսկ 16-րդ դարում՝ օսմանյան թուրքերը։ Բերդն ավերել են նվաճողները։