Կուսանաց լեռ կամ Քառասուն աղջիկների սար. գիտե՞ս, թե ինչու է լեռը այդպես կոչվում և ինչ ավանդազրույց կա դրա հետ կապված

Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Կուսանաց լեռն է։ Բարձրությունը 2832 մետր է։

Պատերազմից հետո սահմանն անցնում է լեռնաշղթայի կատարային մասով և Կուսանացի գագաթ բարձրանալ հնարավոր չէ։ Կուսանացը կորսված է կիսով չափ, քանի որ արևելյան կողմը գտնվում է Արցախի վերահսկողության տակ, իսկ արևմտյանը՝ Ադրբեջանի։

Կուսանաց լեռը գտնվում է Կարկառ և Խաչեն գետերի ջրբաժանում` Արցախի Ասկերանի շրջանի Պատարա (Բադարա) գյուղի հյուսիսարևմտյան կողմում: 

artsakh

Լեռն անվանում են նաև Քառասուն աղջիկների սար: Լեռան այդ անվան հետ կապված կան մի քանի ավանդազրույցներ: Ավանդազրույցներից մեկի համաձայն Լենկթեմուրի արշավանքների ժամանակ, գերեվարությունից ազատվելու համար, քառասուն օրիորդներ փախել են, ամրացել և անվնաս մնացել այդտեղ: Արդեն խաղաղ ժամանակ, երբ գտել են օրիորդներին, լեռն ի պատիվ նրանց կոչել են Քառասուն աղջիկներ:

kusanats

Ըստ մեկ այլ ավանդազրույցի Արցախի խաներից մեկը գերի է տանում 40 աղջիկների, որպեսզի պահի իր հարեմում: Աղջիկները ոչ մի կերպ չեն ուզում ենթարկվել խանի կամքին: Խանը քառասունին էլ ուղարկում է մոտակա բարձր լեռը և անդունդը գլորել տալիս: Դրանից հետո լեռը կոչվում է Քառասուն աղջիկներ: 

Կուսանաց լեռը երևում է Արցախի տարբեր լեռնագագաթներից ու գյուղերից, բայց ամենագեղեցիկ տեսարանը բացվում է Մեյդան կոչվող վայրից։