«Տղուս խփեցին իմ աչքի առաջ, ես Հայաստան վերադարձա՝ հետս բերելով մեր չորս զինվորների մարմինները, այդ թվում՝ որդուս». հայրը պատմում է ՀԵՐՈՍ որդու մասին

Գոռ Թումանյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 28-ին, Աշտարակ քաղաքում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Ուջանի երաժշտական դպրոցում։ Գոռը սովորում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ակադեմիական վոկալ բաժնում։

Հայոց բանակ զորակոչվեց 2019 թվականի հունվարի 29-ին՝ կիսատ թողնելով ուսումը: Տաղանդավոր երգչի նպատակն էր Իտալիայի Լա Սկալա թատրոնում երգել, անգամ հրավեր էր ստացել Իտալիայից։ Գլխավոր շտաբը թույլ էր տվել, որ գնա։ Նախ համաճարակով պայմանավորված խնդիրները թույլ չտվեցին, հետո էլ որոշել էր՝ արդեն մնացել է 3 ամիս, որ զինծառայությունն ավարտի, հանգիստ, պատրաստված գնա։

Իր տաղանդի շնորհիվ մի շարք մրցանակներ է նվաճել, սակայն հարազատներն առանձնացնում են Թուրքիայի Սիդե քաղաքում տեղի ունեցած «Հարմոնիա» 8-րդ միջազգային փառատոնի հաղթանակը։ Նա հայրենիք է վերադարձել «Գրան պրիով», հաղթելով՝ ադրբեջանցիներին և թուրքերին։

Գոռի հայրը նույնպես մասնակցում էր պատերազմին: Որպես կամավոր մեկնել էր առաջնագիծ, ուզում էր որդուն մոտ լինել։ Այդ օրերի մասին նա պատմում է.

«Սկզբից կռվել ենք Մարտունիում, հետո մեզ տարան Ֆիզուլի։ 28 օր որդուս և մյուս զինվորների կողքին ես պայքարեցի թշնամու դեմ, որը կրակում էր բոլոր զինատեսակներով, ամենածանր զենքերով։ Իսկ վերջին ճակատամարտը ուղղակի բառերով նկարագրելու չէ, ոնց որ երկնքից աստղերը դառնան հրթիռներ ու թափվեն վրադ։
Երբ առաջին գրոհի կրակը դադարեց, Գոռիս ասացի՝ սուրճ պատրաստիր բոլորիս համար, միասին խմենք։ Նստեցինք տղերքով՝ զինվոր ու կամավորական։ Գոռս երգեց մեզ համար, այդ տեսանյութը կա համացանցում։ Քիչ անց միանգամից վրա տվեցին, հազիվ հասցրինք լցվել խրամատները։ Գոռս խփվեց ինձնից 40-50 մետր հեռու, իմ աչքի առաջ։ Ուզում էի վազել կրակի տարափի տակ, բայց ինձ ուժով պահեցին խրամատում։ Իմ աչքի առաջ երեք հոգի՝ երկուսը կամավորական ու մեկ զինվոր (ֆելդշեր Արամը՝ Սիսիանից) վազքով մոտեցան, որ Գոռիս քաշեն խրամատ, բայց խփվեցին։ Կամավորականները զոհվեցին, զինվոր ֆելդշերը զրկվեց ոտքերից։ Մենք միշտ էլ կարողացել ենք դիմակայել ու հետ մղել թշնամու գրոհները։ «Կոռնետով» կասեցրել ենք թշնամու առաջխաղացումը, բայց այդ օրը դժոխքի միջով անցանք։ Ես Հայաստան վերադարձա՝ հետս բերելով մեր չորս զինվորների մարմինները, այդ թվում՝ որդուս…
…Ես ամեն օր մտածում եմ, թե ինչպե՞ս ենք շարունակելու ապրել այդ արհավիրքից հետո, այդքան գեղեցիկ տղաներին կորցնելուց հետո։ Ցավը ներս արած՝ պիտի փորձենք ապրել մեր զոհված որդիների փոխարեն։ Ամեն հայ, անկախ այն բանից՝ կորուստ ունեցել է, թե ոչ, պիտի ապրի նաև իր գոնե մեկ զոհված զինվորի փոխարեն, այսինքն՝ կրկնակի հայրենասիրությամբ, կրկնակի անձնվիրությամբ, կրկնակի ոգով, մեր հերոս որդիների երազանքը իրագործելու բազմապատկված կամքով։ Իմ տղային զինվորներն ու սպաները կոչում էին Երգիչ Գոռ, Մարզիկ Գոռ, Շինարար Գոռ։ Որովհետև նա երգում էր, ուժեղ էր, կառուցում էր։ Ջալալ Հարությունյանը անձամբ է խրախուսել տղայիս՝ առաջնագծում ամրաշինական աշխատանք կատարելու համար։ Գոռս այնքան մեծ սիրով էր կառուցում իր բանակը, իր դիրքը։ Ես կկարողանա՞մ փոխարինել նրան։ Պիտի ջանամ, որքան հերիքեն ուժերս»։

Գոռ Թումանյանը զոհվել է պատերազմի 27-րդ օրը՝ hոկտեմբերի 23-ին, հենց իր հոր աչքի առաջ։ Հուղարկավորվել է Աշտարակում։ Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...