Վահրամ Փափազյանի գնացքը ուշանում է, իսկ հանդիսատեսը որոշում է հենց Գյումրիի կայարանում դիմավորել սիրելի դերասանին․ ահա թե ինչպիսի հետաքրքիր դեպք է եղել

Հայ նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը գնացքով գնում էր Գյումրի և այնտեղ պետք է հասներ ներկայացումը սկսելուց 5 րոպե առաջ։ Սակայն գնացքը երկու ժամով հետ էր ընկել չվացուցակից: Դերասանը մտածում էր, որ այդ երեկո ներկայացումը կհետաձգվի, և ինքը կկարողանա մի փոքր հանգստանալ:

Բայց հանկարծ հերթական կանգառում վագոն է մտնում կայարանապետը և հայտնում, որ Գյումրիի թատրոնից հեռախոսագիր է ստացվել, որ հանդիսատեսը չի ուզում հեռանալ դահլիճից: Թեկուզ ուշ, բայց, ինչ գնով էլ լինի, Փափազյանը պետք է բեմ բարձրանա: Փափազյանն էլ չի կորցնում իրեն և ճամպրուկից հանում է Օթելլոյի բեմական հագուստն ու հարդարանքի պարագաները և սկսում է պատրաստվել ներկայացմանը։

Երբ գնացքը կանգ է առնում Գյումրիում , ձյունախառն եղանակին հանդիսատեսը կայարանում դիմավորում է դերասանին և միասին հասնում են ակումբ, որտեղ պետք է լիներ ներկայացումը։