Պատերազմն այս ընտանիքից խլեց 4 ԿՅԱՆՔ, 4 ՀԵՐՈՍ. կարդացե՛ք Աղաջանյանների ՀՈՒԶԻՉ և ՀԵՐՈՍԱԿԱՆ պատմությունը

Զոհվելուց 15 օր անց հարազատներին է հանձնվել 38-ամյա Արթուրի աճյունը:

Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Արթուր Աղաջանյանը ծնվել է 1982-ի մայիսի 27-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:

Արթուրը տան փոքրն էր, իրենից 7 տարով մեծ եղբայր և 5 տարով մեծ քույր ուներ: Լռակյաց, քչախոս, համեստ տղա էր, նրան սիրում էին թե դպրոցում, թե փողոցում, թե տանը: 2000-ին զորակոչվեց բանակ, ծառայեց Քելբաջարում: 2002-ին զորացրվեց, 2005-ին ամուսնացավ:

Երևանում մի քանի տեղ աշխատելուց հետո Արթուրը 2010 թվականին ծառայության է անցել ՀՀ ոստիկանության զորքերում և իր պարտաճանաչության, նվիրվածության, կոկիության, ճշտապահության, գերազանց ծառայության համար ղեկավարության կողմից արդեն 2011-ին պարգևատրվել երկրորդ, 2020-ին` երրորդ աստիճանի կրծքանշանով, բազմիցս արժանացել պատվոգրերի, դրամական խրախուսանքների:

Արթուրը վերջապես կայուն աշխատանք և հարմարավետ տուն ուներ, որտեղ ապրում էր իր կնոջ և երկու դուստրերի հետ, սակայն սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Նա առաջին օրերից արդեն մարտի դաշտում էր, հետո մի քանի օրով գալիս է տուն և նոյեմբերի 2-ին նորից վերադառնում, այս անգամ Շուշի:

 «Նոյեմբերի 7-ի առավոտյան խոսեցինք, ասաց` շրջափակման մեջ են, մի քարի մոտ պատսպարված, հնարավոր է` էլ զանգել չկարողանա: Էնքան լավ եղիր, որ կարողանաս երեխաներին պահես»,- պատմում է Արթուրի կինը՝ Նազելին:

Նոյեմբերի 12-ին լսել են Նազելիի եղբոր` Մհեր Մարտիրոսյանի զոհվելու լուրը, բայց դեռ հույսեր են փայփայել, որ Արթուրին բան չի պատահի… Ռուսաստանից եկած ավագ եղբայրը` Արսենը, ամեն տեղ փորձել է որրէ լուր իմանալ եղբորից: Եվ միայն նոյեմբերի 15-ին, երբ Մհեր Մարտիրոսյանի աճյունը տեղափոխել են հայրենի Հարժիս գյուղ, Արսենն այնտեղ լսել է նաև Արթուրի զոհվելու լուրը ու վերադարձել Սևան` եղբոր դին ճանաչելու…

44-օրյա պատերազմը անասելի ծանր հարվածներ հասցրեց տիկին Արմիկին, Նազելիին: Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա: Տիկին Արմիկը որդուց բացի, կորցրեց նաև քրոջ թոռանը` 19-ամյա Վահագն Տիգրանի Բարսեղյանին, արևելագիտականի ապագա ուսանողին, որ Հադրութից տեղափոխվել էր Շուշի ու զոհվել այնտեղ, աճյունը բերեցին 7 ամիս հետո:

Թոռան կորստյան ցավին չդիմացավ տատը և լքեց այս մեղավոր աշխարհը: Պատերազմը խլեց տիկին Արմիկի դստեր` Աննայի փեսային` Էդգար Միրզոյանին: Պատերազմը տարավ Արթուրի կնոջ` Նազելիի եղբորը` Մհեր Մարտիրոսյանին

Խոսքերն անգամ ավելորդ են նման պարագայում, ցավը այնքան մեծ է, որ ոչինչ ասել չի ստացվում: Մեզ միայն մնում է մեր զորակցությունը հայտնել այս ընտանիքին՝ մաղթելով նրանց համբերություն և շնորհակալություն հայտնել նրանց՝ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՆՎԻՐՅԱԼ ՀԵՐՈՍՆԵՐ դաստիարակելու համար…