Այս ՀԱՅՆ աշխարհում առաջինն է ապացուցել՝ ինչ գույնի ապակի է անհրաժեշտ կիրառել լաբորատոր նպատակներով. ճանաչենք տաղանդավոր ՀԱՅ բժշկին

 Խոսքը հայ բժիշկ, դեղագործ, քիմիկոս, գյուտարար, հասարակական գործիչ Թադևոս Ասատուրի Թորոսյանի մասին է՝ ծնված 1789 թվականին Ստանիսլավ (Իվանովո-Ֆրանկովսկ) քաղաքում։ Սովորել է տեղի գիմնազիայում, 1812 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1815 թվականից աշխատել է Լվովում, 1819 թվականին Լվովի Լիչակովսկու փողոցի թիվ 3 տանը բացել է քաղաքի N 9 դեղատունը (այժմ՝ Լվովի N 12 դեղատուն), քիմիական լաբորատորիա։

Պատրաստել է բուսական, կենդանական, և քիմիական ծագման տարբեր դեղեր։ Ուսումնասիրել է ապակիների տարբեր հատկություններ և ստացել դեղասրվակների համար պիտանի կարմիր և դեղին ապակի: 1836 թվականին աշխարհում առաջինն է ապացուցել, որ լաբորատոր նպատակներով արդյունավետ է շագանակագույն ապակի կիրառել։

Ուսումնասիրել է Տրուսկավեց, Նեմիրով, Դրոգոբիչ և այլ առողջավայրերի հանքային ջրերի բուժիչ հատկությունները, արդյունքներն ամփոփել «Գալիցիայի և Բուկովինայի թագավորությունների հանքային աղբյուրները» աշխատությունում։ Տրուսկավեցում կատարել է «Ֆերդինանդ», «Մարիա» և «Նավթա» (այժմ՝ «Նավթուսյա») հանքային աղբյուրների ջրի քիմիական վերլուծությունը, շրջակայքում հայտնաբերել հանքամոմի հարուստ պաշար, որը նպաստել է Լեհաստանում օծանելիքի արդյունաբերության զարգացմանը։

Թեոդոր Թորոսևիչը մասնակցել է Լվովի հայկական համայնքի կյանքին, զբաղվել բարեգործությամբ. իր միջոցներով Լվովում բացել է հոգևոր դպրոց:

Հեղինակ է բնագիտական, քիմիական բազմաթիվ գիտական հոդվածների և մենագրությունների, որոնցից ամենաարժեքավորը «Գալիցիայի թագավորության և Բուկովինայի հանքային աղբյուրներն ու դրանց ֆիզիկա-քիմիական բաղադրությունը» մենագրությունն է։ Եղել է մի շարք գիտական ընկերությունների անդամ։ Գիտական հայտնագործությունների համար արժանացել է բազմաթիվ պարգևների:

Մահացել է 1876 թվականին Լվովում։ Թաղված է Լիչակովյան գերեզմանատանը։ Մահարձանին լեհերեն գրված է.

Թեոդոր Թորոսևիչ, լվովյան դեղագործ։ Փառք նրա հիշատակին։