Շրջապատումից դուրս գալուց՝ ոտքից վիրավոր այս ՀԱՅԸ սեփական մարմնով ծածկել է հակառակորդի հրակնատը. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

 Խոսքը կարմիր բանակային, հետո իտալական պարտիզան Գևորգ Աղաբեկի Քոլոզյանի մասին է՝ ծնված 1917 թվականին Նոր Բայազետում։ 1938 թվականին ավարտել է մանկավարժական ուսումնարանը և դպրոցում գերմաներեն դասավանդել։

1939 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ և մասնակցել Սովետա-ֆիննական պատերազմին, վիրավորվել է և մոտ կես տարի բուժվել Յարոսլավլի հոսպիտալում, որից հետո զորացրվել է և շարունակել դասավանդել հայրենի քաղաքի դպրոցում։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկզբից կամավոր մեկնել է ռազմաճակատ։

Մոտ մեկ տարի գտնվել է Վրաստանում, ուր ըստ մեկ աղբյուրի մասնագիտացել է հետախուզական դպրոցում, ըստ մյուսի ռադիոդպրոցում։ 1942 թվականի գարնանից ծառայել է Ղրիմի ռազմաճակատի քաղբաժնում, ըստ այլ աղբյուրի ոչ մեկ անգամ նետվել է հակառակորդի թիկունք դիվերսիոն խմբերի հետ։

1942 թվականի մայիսի 8-ից 11-ը ընկնում է շրջապատման մեջ և գերվում։ 1942 թվականից համարվում է անհետ կորած։ Ըստ այլ վարկածի գերվել է 1943 թվականին սլովակյան պարտիզանների հետ կապ հաստատելու համար հակառակորդի թիկունք նետվելու ժամանակ։

Գերությունն անց է կացրել Իտալիայում, 1944 թվականին փախել է և միացել «Գուիդո Բոսկալիա» պարտիզանական բրիգադին։ 1944 թվականի հունիսի 25-ին պարտիզանների ջոկատը շրջապատվում է։ Շրջապատումից դուրս գալուց՝ ոտքից վիրավոր Քոլոզյանը սեփական մարմնով ծածկում է հակառակորդի հրակնատը, որը փակում էր նահանջի ճանապարհը։ Թաղված է Ջերֆալկոյում։

«Գատզետտա Ուֆիչիալե» պաշտոնաթերթը, իր 1957 թվականի հունիսի 19-ի համարում հրապարակեց Գևորգ Քոլոզյանին հետմահու «Մարտական քաջության համար» բրոնզե մեդալով պարգևատրելու մասին։ 1966 թվականի մարտի 4-ին պարզվեց հերոսի ինքնությունը, գտնվեցին նրա ազգականները և Իտալիայի դեսպանը ԽՍՀՄ-ում նրանց հանձնեց մեդալը։