«Պատերազմի նախորդ գիշերը հաց են սարքել ու կերել, ասել՝ գոնե կուշտ կմահանանք». ՀԵՐՈՍ Կարենը առաջիններից է, որ կյանքը զոհեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ

Կարեն Համլետի Հովսեփյան ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 16-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Սովորել է տեղի թիվ 8 հիմնական դպրոցում: 2013 թվականին ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, սակայն Կարենը 2019 թվականին վերադարձել է Հայաստան և հունվարի 18-ին զորակոչվել Հայոց բանակ:

Ծառայել է Հադրութում: Տիրապետել է «Կորդ» գնդացրին: 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան, թշնամու հարձակման ժամանակ Կարենը իր 6 զինակիցների հետ առաջնագծում է եղել: Նրանք առաջիններից էին, որ անմահացան… զոհվեցին հերոսաբար՝ չնահանջելով և ոչ մետր:

Երկար ժամանակ տղաների ծնողները չեն կարողացել գտնել իրենց երեխաների մարմինները։ Միայն ամիսներ անց գտնվեցին ու ԴՆԹ-ի շնորհիվ հաստատվեցին անմահ ՀԵՐՈՍՆԵՐԻ մարմինները…

Կարենի մարտական ընկերը պատմել է, որ իրենք իմացել են թշնամու հարձակման մասին, բայց չեն պատկերացրել, որ լայնածավալ պատերազմ կլինի։ Պատերազմի նախորդ գիշերը հաց են սարքել ու կերել, ասել՝ գոնե կուշտ կմահանանք…

Կարեն Համլետի Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով՝ մարտական առաջադրանքները հմուտ կատարելու համար:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…