Հարութը՝ Հադրութում․ ճանաչենք ՀԵՐՈՍ Հարութ Հովհաննիսյանին

Հերոս Հարութը Վայոց ձորի Վայք քաղաքից էր։ Դեռ փոքր տարիքից հաճախել է պարի ու շվիի դասերի, իսկ 14-15 տարեկանում ընկերների հետ կազմակերպել է ճամբարներ, որտեղ ինքը եղել է ջոկատավար։

Հարութը ակտիվ էր նաև համալսարանում։ Սովորում էր ՀՊՏՀ-ի Մարքեթինգի ֆակուլտետում ու հենց այստեղ էլ ստացել էր «Մարքեթինգի Հարութ» անունը։ Բոլոր մրցույթներին, միջոցառումներին, խաղերին Հարութը մասնակցում էր ու սիրում էր միշտ հաղթել, միշտ առաջինը լինել։ Նրա ընկերներից մեկը հիշում է այս խոսքերը, որ Հարութն է ասել «Ես էս մի ամիսը դասերս աչքաթող եմ արել, 10-ից շուտ տուն չեմ գնում, պլյուս գիշերներն էլ նորմալ չեմ քնում, որ լավ համար հորինեմ, ու դուք մտածում եք, թե ինձ մասնակցությունն արդեն հերիք ա՞: Մենք պիտի հաղթենք, մեզանից ուժեղ թիմ չկա»:

Հարութը ընդամենը 4 ամիս սովորեց համալսարանում ու զորակոչվեց բանակ։ Բայց մինչ բանակ գնալը բոլոր քնություններից բարձր գնահատականներ էր ստացել, որ վերադառնալուց հետո անվճար սովորի։

Հարութը զորակոչվել էր բանակ հունվարի 21-ին։ Սկզբում ծառայել է Մուղնիում, ապա Արցախում, կամ ինչպես ինքն էր ասում «Հարութը՝ Հադրութում»։ Ցավոք, 9 ամիս անց՝ հոկտեմբերի 21-ին մարտի դաշտում հերոսացավ։

Դեռ երիտասարդ էր, բայց այնքան լավ էր հասկանում կյանքը ու այնքան շատ էր սիրում կյանքը։ Կյանքից առավել սիրում էր հայրենիքը, ընտանիքը ու այդ սերը արտահայտում էր իր բանաստեղծություններում։

Մի բան ասեմ, երբ տղադ կանչի պապա, դու ի՞նչ կասես: Կասես ‹‹հա ջան››:

Եթե մի երկիր գտնես որտեղ էսքան ջիգյար կա, արի, արի գնանք:

Վերջապես հասկանանք՝ ես եմ հայրենիքը, դու ու նա:

Հայրենիքը մի փազլ է, որի ամեն կտոր մենք ենք, ու ամեն գաղթող հանում է իր կտորը: