«Այդքան կարճ ապրեց, բայց ամբողջ կյանքը նվիրեց ՀԱՅՐԵՆԻՔԻՆ». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԳԵՂԱՄԻ պատմությունը

Գեղամ Հովհաննեսի Մադաթյանը ծնվել է 1998թ.-ի օգոստոսի 18-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։

2005 թվականին հաճախել է Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ առաջին միջնակարգ դպրոց։ Սովորել է գերազանց ու բոլոր տասներկու տարիներին արժանացել է գովասանագրերի։ Գեղամը մասնակցել է տարբեր մրցույթ փառատոնների ու պարգևատրվել է ութ պատվոգրերով։

2006 թվականին ընդունվել ու 2013 թվականին գերազանցությամբ ավարտել է Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի Դաշնամուր ու Շվի բաժինները։

2010 թվականին հաճախել է սամբոյի ու արժանացել երեք պատվոգրերի։ Նախասիրություններից էր շախմատը։ 2013 թվականին ընտրվել է դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ։ 2016 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել ու ԵՊՀ Տնտեսագիտության ու կառավարման ֆակուլտետի Ֆինանսներ բաժինը։

2020 թվականին ավարտել է: 2017-2019 թվականներին զուգահեռ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ 2018-2020 թվականներին ցուցաբերած բարձր արդյունքների ու ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության ՊՆ կողմից 30.08.2019 թվականին արժանացել է պատվոգրի:

2020 թվականին սեպտեմբերի տասնյոթին զորակոչվել է բանակ՝ Ջրականում (Ջաբրայիլ)։ Որսպես դասակի հրամանատար մասնակցել է պատերազմին ու զոհվել հոկտեմբերի 20-ին Իշխանաձորում: