«Այս տարի Միշայիս տորթի մոմերը փոքր եղբայրը փչեց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Միշա Գրիգորյանին, նա կդառնար 20 տարեկան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միշա Գրիգորյանն այսօր կդառնար 20 տարեկան։ Նա Լոռու մարզի Մղարթ գյուղից էր, ընտանիքի ավագ որդին, ունի իրենից 1 տարով փոքր քույր և 4 տարեկան եղբայր՝ Գոռը, որի անունն ինքն էր որոշել:

Միշան բանակ զորակոչվել էր 2019 թվականի դեկտեմբերի 25-ին, ծառայում էր Հադրութում։ Հերոսի մայրը՝ Աննա Թամազյանը, հիշում է, թե ինչ մեծ ոգևորությամբ են նշել որդու 18-ամյակը, ավաղ, դա եղավ վերջին անգամ, որ նշել են Միշայի ծննդյան օրը․․․

«Այսօր իմ ամենայի ծնունդն է․․․ 2019-ին բանակ գնալու քեֆն ու 18-ամյակը նույն օրը մեծ շուքով նշեցինք, Միշաս, ինչպես միշտ, շատ համեստ էր։ Ինքը չէր սիրում ծնունդներին նեղություն տալ մեզ, միշտ շատ թեթև, փոքրիկ ընկերական միջավայրում է նշել, երբեք չափը չի անցել, այնքան զուսպ էր՝ մեր ֆինանսի հետ հարմարված․․․ Միշտ չէ, որ տորթերով ենք նշել, չենք ունեցել ֆինանս, սկզբում շատ դժվար էինք պահում երեխեքին, հետո քիչ-քիչ ծնունդներին ունեցան իրենց տորթերը, նշում էինք արդեն, ֆինանսապես նոր ոտքի էինք կանգնում, երեխեքն էլ մեծացել էին, նոր էինք սկսում ապրել․․․»,- հիշեց տիկին Աննան։

Միշան զոհվել է պատերազմի հենց առաջին օրերին՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, նրա մարմինը Հայաստան էր տեղափոխվել 2020 թվականի հոկտեմբերի 9-ին, սակայն հարազատները Միշայի վառված, բայց ամբողջական մարմինը գտել են նրա զոհվելուց 6.5 ամիս անց՝ դիահերձարանում․

«Ինքը չհասցրեց 19-ամյակը բանակում նշել, անցած տարի ծնունդին անհայտ կորած էր, երեխես գոնե մի անգամ բանակում եղած ժամանակվա ծնունդը չիմացավ ինչ է, անցած տարի անգամ գերեզման չկար, որ գնայի, չգիտեի՝ ինչ անեի, ուր գնայի։ Այս տարի տորթ ուներ, փոքրիկ եղբայրը փչեց տորթի մոմերը, երգում էր` «happy birthday հերոս»։ Փոքր տղաս Միշայի հետ կապված միշտ հերոս բառն է օգտագործում․․․

mayr

5 օրից լրանում է 2 տարին, որ Միշաս պետք է զորացրվեր։ Ամսի 25-ին պետք է գար․․․ բառերով դժվար է ասել, թե որպես մայր՝ ինչ եմ զգում այս պահին․ ափսոսանք, կարոտ․․․ Ես ափսոսում եմ, որ փոքր տղաս՝ Գոռս, չվայելեց ախպոր ներկայությունը, ուղղակի նրա հիշողության մեջ պետք է մնա՝ որպես հերոս, բայց ինքն անձամբ չկարողացավ իր հիշողությունների մեջ պահել, ընդամենը 2 տարեկան էր, որ Միշաս բանակ գնաց։ Ես ափսոսում եմ, որ գոնե մի փոքր գիտակցական չշփվեցին իրար հետ»։