«Հիմա եմ հասկանում, որ մազապուրծ ենք ազատվել մահից». մերօրյա ՀԵՐՈՍ Սմբատը պատերազմական ծանր օրերի մասին

Սմբատ Սահակյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 20-ին Ձորաղբյուրում: Հաճախել է տեղի դպրոցը: 2007 թվականից զբաղվել է սպորտով՝ հունահռոմեական ըմբշամարտով: Բազմիցս է զբաղեցրել մրցանակային տեղեր՝ միշտ պատվով ներկայացնելով հայի գենն ու իրեն: 2013 թվականին Հայաստանի պատանիների առաջնությունում, 76 կգ քաշային կարգում, III մրցանակային տեղն է գրավել:

Հայոց բանակ է զորակոչվել 2015 թվականի հունվարի 29-ին: Ծառայել է Մատաղիսում, ապա տեղափոխվել հրետանային դիվիզիոն և ծառայել որպես հրետանավոր։

Երբ սկսվեց Ապրիլյանը, նա մեկ տարի 3 ամսվա ծառայող էր: Այդ մասին նա պատմում է.

"Ապրիլի 1-ի գիշեր, լույս 2-ի առավոտյան մենք զորանոցում դեռ քնած էինք: Մատաղիսի մեր զորամասում էինք: Սակայն վերկացից առաջ արդեն արթնացել էինք, երբ հրամանատարական անձնակազմի կողմից հրաման ստացանք վազել թաքստոցներ: Ճիշտ է, այդ պահին մի տեսակ խուճապ կար, որովհետև հանկարծակի էր ամեն ինչ, բայց հետո սովորեցինք:

Թշնամին հրետանային ինտենսիվ կրակ էր վարում, չէինք կարողանում թաքստոցներից դուրս գալ ու կարծես փակուղու մեջ լինեինք: Հետո, երբ մի քիչ հանդարտվեցին կրակոցները՝ արագ զինվեցինք ու բարձրացանք դիրքեր՝ Թալիշի ուղղությամբ: Մեքենայի մեջ երգում էինք տագնապը հաղթահարելու համար: Ստացվեց նպաստավոր կրակային դիրք ընտրել ու շարժվել դեպի Տոնաշենի կողմը: Այնտեղ արագ վերանորոգեցինք թաքստոցները, նորերը սարքեցինք: Դժվար էր, ինչ խոսք, քանի որ անընդհատ թե՛ իրենք էին կրակում, թե՛ մենք, այդ ընթացքում աշխատում էինք, արկեր դատարկում, նոր հրամաններ ստանում ու անցնում դրանց կատարմանը:

Վախի զգացումը, որ բնականաբար սկզբում ունեինք՝ անհետացավ: Արագ սովորեցինք իրավիճակին, գիտեինք, թե որ արկը որտեղից է գալիս, ինչքան ժամանակից կհասնի մեզ, զգում էինք հակառակո՞րդն է կրակում, թե՞ մեր տղաները:

Հիմա եմ հասկանում, որ մազապուրծ ենք ազատվել մահից, մինչդեռ այնտեղ՝ կռվի դաշտում, ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել յուրաքանչյուր ողջ մնացածիս համար":

Պատերազմը աննկարագրելի մղձավանջ է, որի ընթացքում այնքան լարված, ինչու ոչ, վախեցած կարող ես լինել, որ ամեն ինչ, ամեն շրշյուն, ամեն շարժ ու ստվեր թշնամուն է հիշեցնում: Սմբատը պատմում է, թե ինչպես մի անգամ հանկարծ հակառակորդի նկատում, որ ուղղակի անշարժ կանգնած է եղել՝ զինվորներից մեկն էլ ասել է, որ ձեռքին էլ զենք կա: Կրակել են, բայց երբ դիտարկողը նայել է՝ պարզվել է, որ մարդու շատ նման շատ բարձր կոճղ է եղել: Ու բոլորով ծիծաղել են իրենք իրենց վրա:

Նա ողջ է մնացել իր հավատի և տուն վերադառնալու մեծ ցանկության շնորհիվ: Նրան պահեց ու հայրենի օջախ բերեց այն խաչը, որ սարքել էր նրա Սուրեն պապը, որ վզին էր պատեերազմական բոլոր օրերին: Ապա ավելի մեծ ու երկաթե 2 խաչ էլ, մեկ, թե մեկ ու կես մետր բարձրությամբ, նրա քեռին էր զոդել, որոնցից մեկը Սմբատն ուղարկել է դիրքեր, իսկ մյուսն իրենց դիվիզիոնի մոտ գտնվող մատուռի գմբեթին են ամրացրել: Ապա կրակային դիրքերում Սմբատն է անձամբ սարքել մեկից մեկ ու կես մետր բարձրություն ունեցող փայտե խաչ և տեղադրել նույն կրակային դիրքին կից բարձունքում՝ լեռան գագաթին, որի վրա փորագրել էր իր անունը: Այն տեղադրել է ի լուր համայն աշխարհի, որ հայը միշտ ապրող ու արարող է իր սուրբ խաչի շնորհիվ: Եվ այո՛, Սմբատը ողջ մնաց այս խաչերի, իր հավատքի և իր անկոտրում ոգու շնորհիվ…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…