«Թուրքերի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտ կլինի Գյումրիում կառուցել բերդ». ի՞նչ բերդի մասին է խոսքը և ու՞մ նամակում էր այդ բերդի կառուցման մասին գրված

Խոսքը 1834 թվականին կառուցված Սև բերդի մասին է, որը գտնվում է Գյումրիում: Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։

1828 թվականին Թիֆլիսի զինվորական նահանգապետը Անդրկովկասում գլխավոր հրամանատար Իվան Դիբիչին նամակ էր հղել, որում ասվում էր. «Թուրքերի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտ կլինի Գյումրիում կառուցել բերդ և այն խիստ ամրացնել, որպես կարևորագույն ռազմական հենակետ»։

Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է, որպես զինվորական բանտ։ Միայն 1877-1878 թվականների ռուս-թուրքական Բալկանյան պատերազմից հետո, երբ ռուսները գրավեցին Ղարսը, Ղարսի բերդը դարձավ առաջնակարգ պաշտպանական բերդ, իսկ Ալեքսանդրապոլի բերդը դարձավ հրետանու պահեստարան։ Բացի հիմնական բերդից, կառուցվել է նաև առանձնացված պաշտպանական կառույցներ՝ հիմնական կառույցից հեռու՝ նախամատույցների վրա, որպեսզի թշնամու առաջին հարձակումը կարողանան կասեցնել։

Մի շարք պեղումների արդյունքում պարզվել է, որ Սև բերդի տարածքը քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է եղել։ Առաջին ուսումնասիրություններն այստեղ կատարվել են XIX դարի երկրորդ կեսին՝ մոտ 1875 թվականին։ Հետագայում՝ 1900 թվականին Սև «ղուլի» տակ պեղումներ է կատարել գերմանացի հնագետ Գեոսները, 1907-1908 թվականներին՝ Խառատյանցը։ Պեղումներ իրականացրել է նաև «Կումայրի» արգելոց-թանգարանի արշավախումբը։

Պեղումների արդյունքում գտնվել են մի փոքր բնակավայր, սրբատեղիով, փոքր արձան, ցլիկ, անտիկ ժամանակշջանի դամբարանադաշտ։ Ամբողջ հարթավայրը՝ սկսած աշտարակից մինչև ամրոցի վերջ, հոյակապ հնագիտական հուշարձան է, հիմնականում՝ դամբարանադաշտ։ Բակի ներսում պեղվել է Ք.ա. 8-6-րդ դարերի թվագրության դամբարաններ։

Բերդի տարածքում սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից մինչև երկաթի դարաշրջան, մշակութային ժառանգություն կա։ Այս պատմական հուշարձանը վերջին ժամանակներում նաև սեփականաշնորհվել է։ Ժամանակին ռուսները բերդը հանձնել էին ՀՀ պաշտպանության նախարարությանը։