«Մա՛մ ջան, պատերազմից չվախենաս, հաղթելու ենք, մենակ խոստացի, որ աչքերիցդ երբեք արցունք չի հոսի». ՀԵՐՈՍ Գառնիկը անմահացավ ընկերներին հաց հասցնելիս

Գառնիկ Կարենի Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Սովորում էր տեղի պոլիտեխնիկական ինստիտուտում, եղել է Գյումրու Պատանի Երկրապահների անդամ և ուներ կրտսեր սերժանտի կոչում։

Ծառայել է Մարտունի 2-ում: Պատերազմի առաջին իսկ օրից թեժ մարտեր է մղել, 33 օր շարունակ ակտիվ պայքարել է հայրենիքի պաշտպանության համար: Եղել է նաև Ջրականում, Հադրութում և Ֆիզուլիում։

Վերջին անգամ մոր հետ զրուցելիս ասել է. «Մա՛մ ջան, պատերազմից չվախենաս. հաղթելու ենք, մենակ մի բան ինձ խոստացի, որ աչքերիցդ երբեք արցունք չի հոսի»:

Իսկ երբ մայրը փորձել էր որդուն զգուշացնել՝ ամենավտանգավոր պահին թաքնվել, նախատել է մորը՝ ասելով. «Մամ ջան, ոնց ես տենց բան ասում. ես բա փախնող տղա ե՞մ , որ սաղս փախնենք թուրքը կգա կհասնի Ձեզ, սաղ լավա լինելու, մամ ջան…»:

Մարտի դաշտում հոր հետ էր, ով պատերազմի առաջին իսկ օրը կամավոր մեկնել էր առաջնագիծ։ Հոր աչքի առաջ էլ զոհվեց… զոհվեց անօդաչուի հարվածից նոյեմբերի 1-ին Մարտունիում ընկերներին հաց տանելու ժամանակ:

Հերոսի մարմինը տուն բերեց Հայրը: Գառնիկը չգիտեր, որ հայրն էլ է պատերազմի դաշտում, միշտ ասում էր. «Թող չգա, ստեղ իրա տեղը չի»… Ասում էր․ «Մամ, եղբորս էլ բանակ չուղարկեք, ինքը ստեղ չի դիմանա»։ 

Հերոս Գառնիկը երազում էր զինվորական համազգեստով վերադառնալ տուն… վերադարձավ, բայց ոչ իր ոտքով… բերեցին զինվորական համազգեստով, բայց անշնչացած…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…