«Մենակ չասեն, որ տանկս դանդաղ քշեմ». ՀԵՐՈՍ Տիգրանը, ճեղքելով թշնամու 8 տանկ, ոչնչացրել է 3-ը և անմահացել
Տիգրան Արամի Աբգարյանը ծնվել է 1996 թվականին Գյումրիում: Հայոց բանակ է զորակոչվել 2014 թվականին: Եղել է տանկիստ: Ծառայության ընթացքում աչքի է ընկել բարձրակարգ մարտունակությամբ ու գերազանց կարգապահությամբ, Արցախում անցկացված տանկային բիաթլոնի ժամանակ գրավել է երկրորդ տեղը:
2016-ի ապրիլի 1-4 Ադրբեջանի կողմից հրահրված քառօրյա մարտերի ընթացքում 19-ամյա Տիգրանը իր անձնակազմով մղվել է առաջնագիծ, կատաղի մարտերի է բռնվել հակառակորդի հետ, մտել թշնամու 8 տանկերի մեջ, անզիջում մարտ է մղել, իր մի տանկով ոչնչացրել թշնամու 3 տանկ։ Ողջ մարտի ընթացքում Տիգրան Աբգարյանի տանկի վրա փողփողել է հայակական եռագույնը։
Գյումրեցի տանկիստը ապրիլի 2-ին ընտանիքի հետ զրուցելիս չի ասել, որ սահմանային լարվածությունը ակտիվացել է, հանգստացրել է հարազատներին, ծիծաղել, ասելով՝ մեզ մոտ նույնիսկ կրակոցների ձայները չեն լսվում: Նույն օրն էլ Տիգրանը նահատակվել է…

Սխրանքի մասին հարազատներն իմացել են օրեր անց, թե ինչպես է հայտնվել շրջափակման մեջ, ինչպես է կարողացել թշնամու երեք տանկ խոցել: Տիգրանի մարտական ընկերները պատմում են, որ պատերազմի ժամանակ Տիգրանն ասել է՝ մենակ չասեն, որ տանկը դանդաղ քշեմ: Ջրական գնալիս նրա տանկը փչացել է, հրամանատարի տանկն է վերցրել և կարողացել 40 րոպեում մարտական առաջադրանք կատարել: Նա անցել է սահմանը, նույնիսկ տանկով հակառակորդի դրոշի վրայով է անցել:
Ադրբեջանական տանկերի համազարկից Տիգրան Աբգարյանն ու իր տանկի անձնակազմը նահատակվել են։ Զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին Ջաբրաիլում:
Տիգրանի հայրական տան բակում, ճիշտ այն տեղում, որտեղ սիրում էր ժամանակ անցկացնել տանկիստ Աբգարյանը, բացվել է նրա հիշատակը հավերժացնող հուշաքար:
ԼՂՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով։
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…