«Սովորեց թշնամու լեզուն, գրեց իր առաջին ու վերջին գիրքը, զոհվեց ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ համար». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Կարապետին

Կարապետ Մամիկոնի Հովհաննիսյանը ծնվել է 1999 թվականի մայիսի 8-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։ Սովորել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Դեռ դպրոցական տարիներից էր որոշել՝ սպա է դառնալու։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։

Վարժարանն ավարտեց գերազանցությամբ և 2017 թվականից բարձրագույն կրթությունը շարունակեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ մոտոհրաձիգ մասնագիտությամբ։ 2019 թվականին Արցախի հանրապետությունում զորավարժություններին մասնակցության համար պարգևատրվել է Պաշտպանության բանակի պատվոգրով: Ուսումնառության վերջին տարում սկսեց և ավարտեց իր առաջին և վերջին գրքի ստեղծման աշխատանքները։

Շուշիի փառահեղ ազատագրական պայքարի և մայիսության մարտերի մասին լեյտենանտ Հովհաննիսյանը ուսումնասիրում և հետազոտում էր օրուգիշեր։ Այն իր տեսակով եզակի նմուշ է՝ տպագրված միայն մեկ օրինակով։ Ինչպես ինքն էր ասում՝ այս աշխատությունում փորձ է արել վերլուծել անառիկ բերդաքաղաքի ազատագրման մարտական գործողությունները։ Այն պարունակում էր այնպիսի գաղտնի տեղեկություններ, որոնք քննարկել է հենց «Հարսանիք լեռներում» ռազմական գործողության հրամանատար Կոմանդոս՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հետ։

2020 թվականի սեպտեմբերին լեյտենանտի կոչումով ավարտելով համալսարանը՝ զորակոչվեց Արցախի հանրապետության Մարտունու շրջան։ Պատերազմին մասնակցեց առաջին իսկ օրվանից: Մինչև պատերազմի գրեթե ավարտը լեյտենանտ Հովհաննիսյանը կռվել է ամենաթեժ կետերում՝ նաև Ամարասում, Մարտունի քաղաքում։

Լեյտենանտ Կարապետ Հովհաննիսյանը զոհվեց նոյեմբեր 6-ի լույս գիշերը Մարտունու պաշտպանական դիրքերում։ Այդ օրերին Մարտակերտի դիրքերում թեժ մարտերի մեջ էր նաև Կարապետի հարազատ եղբայրը՝ Սարգիս Հովհաննիսյանը, ով, բարեբախտաբար, ողջ է, իր ընտանիքի կողքին:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…