«Դավիթիս պոստերում տեղյակ են պահել, որ գիշերը հարձակում է լինելու, բայց ինքը մեզ չէր ասել». ՀԵՐՈՍ Դավիթը զոհվեց՝ իր վրա վերցնելով հրամանատարի պարտականությունները

Դավիթ Վյաչեսլավի Իվանյանը ծնվել է 2001 թվականին օգոստոսի 10-ին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման» քոլեջ՝ հաշվապահական բաժին, զուգահեռ մեկնել է Ռուսաստան, սակայն 18 տարին լրանալուն պես վերադարցել է Հայրենիք՝ Զինվորական պարտքը կատարելու համար։

Դավիթը շատ էր լսել, որ Արցախում ծառայության համար «ամենադժվար» վայրը «Եղնիկներ»-ն է, և շատ էր ուզում հենց այնտեղ ծառայել։ Կենտրոնական հավաքակայանում նրան առաջարկել են մնալ Հայաստանում և 6 ամիս ծառայել ուսումնական զորամասում, հետո նոր միայն մեկնել Արցախ, սակայն նա հրաժարվել է։

Դավիթը Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերի 23-ին։ Ծառայությունն անցկացրել է Արցախի հանրապետության Հադրութի շրջանում։ Իր պարտականությունները լավ էր կատարում, օրինակելի զինծառայող էր, և ծառայության դեռ 6-րդ ամսում էր, երբ կրտսեր սերժանտի կոչում ստացավ։

Առաջնագծում էր, երբ սկսվեց պատերազմը: Ավաղ, զոհվեց պատերազմի հենց առաջին օրը իր 6 զինակից ընկերների հետ…

Դավիթի հորեղբայրը՝ Համլետ Իվանյանը, պատմում է, որ պատերազմի սկսելու օրը՝ սեպտեմբերի 27-ին Դավիթի հոր ծնունդն է, վերջին անգամ հենց ամսի 27-ի գիշերն է Դավիթը զանգել՝ հոր ծնունդը շնորհավորելու: Նա նաև ասել է. «Դավիթիս պոստերում տեղյակ են պահել, որ գիշերը հարձակում է լինելու, բայց ինքը մեզ չէր ասել»:

Համլետ Իվանյանը պատմեց նաև, որ դիրքում եղել են 10 հոգի՝ 1 հրամանատար և 9 զինվոր։ Սպան, տեսնելով իրենց դիրքին մոտեցող հակառակորդի զինտեխնիկան, փախուստի է դիմել, Դավիթն է մարտը կազմակերպել, բայց, ցավոք, պայքարը չափազանց անհավասար էր, 2 զինվորներներից մեկը, որ հասկանում է՝ ոչ մի բան չեն կարող անել, ուզում է վազի, Դավիթին ու մյուսներին տեղյակ պահի, բայց դիմացը սնարյադ է ընկնում, հետ է գալիս, մյուս ընկերն էլ է հասնում նույն տեղը, էլի նույն իրավիճակը, այդ 2 զինվորն էլ տեսնում են՝ ճար չկա, հետ են գնում ու տեսնում են՝ իրենց սպան «ռով»-ում է, կողքի դիրքերից ինչքան զինվոր կա, բոլորը հետնահանջ են արել, միայն 7-ը չկան…

Դավիթի ԴՆԹ-ն հաստատվեց 6 ամիս հետո՝ 2021 թվականի փետրվարի 3-ին, փետրվարի 6-ին էլ հուղարկավորվեց Սասունիկ համայնքի զինվորական պանթեոնում։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…