ՀԱՅ ԶՈՒՅԳԸ Գերմանիայում հիմնադրել է ՀԱՅԿԱԿԱՆ կրթօջախ. տեսեք, թե ովքեր են ՆՐԱՆՔ

Հայկականությունը պահպանելու գործում բոլոր ժամանակներում էլ շատ կարևոր է եղել հայկական կրթօջախների ստեղծումը: Սա հատկապես ավելի անհրաժեշտ է Հայաստանից դուրս ապրող հայերի համար, որոնք կարիքն ունեն ինչ-որ կերպ պահպանելու իրենց հայի տեսակը:

Այս գեղեցիկ ավանդույթը, փաստորեն, շարունակվում է մինչև այսօր: Եվ այսպեսս, Գերմանիայի Պադերբորն քաղաքում երիտասարդ ամուսիններ Աննա Բագրատյանն ու Անդրանիկ Տոնոյանը հիմնադրել են հայկական կրթօջախ:

«Կոմիտաս» հայկական կրթօջախը իր հյուրընկալ դռներն է բացել Գերմանիայում բնակվող հայ երիտասարդների համար: Դրա հիմնական նպատակն է հայ երեխաների շրջանում բարձրացնել հայերենի իմացության մակարդակը և չհեռանալ արմատներից: «Կոմիտաս» կրթօջախում դասավանդվելու է հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն։

«Սփյուռքում բնակվող մեր երեխաների շրջանում գնալով հայերենի իմացության նվազման միտում է նկատվում։ Նման տեմպերով շարունակելու դեպքում կունենանք Սփյուռքում բնակվող հայ սերունդ, որը չի կարողանա խոսել հայերեն։ Արդյունքում՝ կորցնելու ենք մեր լեզուն, մեր մշակույթը և բռնենք լիարժեք օտարացման ճանապարհը։ Փորձելով որոշակի ներդրում ունենալ այս խնդիրը լուծելու մեջ՝ որոշեցինք հիմնադրել հայկական կրթօջախ»,- նշում է ռեժիսոր, դերասան Անդրանիկ Տոնոյանը: