ՀԱՅԱՍՏԱՆԻ ուրվական դարձած ու լքված գործարանները, որոնք ժամանակին ապահովում էին ողջ ԽՍՀՄ-ը. դրանցից քանի՞սը գիտեք

Լուսանկարները, վավերագրական ֆիլմերը, գրքերը  և պահպանված փաստաթղթերը կարող են խոսել և ներկայացնել ժամանակի անցման մասին, բայց դրանցից յուրաքանչյուրը նաև մի առանձին պատմություն է ներկայացնում:  

  • Վանաձորի քիմիական գործարան

1931 թվական, շինարարություն, որին սևեռված էր ոչ միայն  կառուցողների, այլև ողջ բնակչության ու ղեկավարների ուշադրությունը։ 42 աշխատանքային խումբ  է ստեղծվել քիմիական գործարանի շինարարության համար։ Շրջանի յուրաքանչյուր կոմերիտական պարտավոր էր  10 օր աշխատել քիմշինում։ Սակայն այն ժամկետները, որոնք նախատեսված էին գործարանի գործարկման համար, իրականացնել չհաջողվեց։

  Չկային ո՛չ տնտեսական, ո՛չ էլ տեխնիկական հնարավորություններ։ Հողային ամբողջ աշխատանքը կատարվում էր մարդկային ուժով, առանց մեքենաների։  Ունեցած «տրանսպորտը» մի քանի տասնյակ եզան սայլերն ու ձիեր էին։

Քիմիական  գործարանի կառուցումն օժանդակեց այն բանին, որ հարյուրավոր  երիտասարդներ ընտրեցին կառուցողի մասնագիտություն։ Եվ եթե 1920 թվականի  Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությունը կազմում էր շուրջ 4000 մարդ, ապա 1932-ին  հասել էր շուրջ 13․000 մարդու։

  • Ջերմա էլեկտրո կենտրոն

Կենտրոնը ստեղծվել է 1962 թվականին, և տաք էլեկտրաէներգիայից, տաք ջուր ու գոլորշի է մատակարարել ոչ միայն մի շարք արդյունաբերական գործարանների,  այլև՝ բնակելի տներին ու բնակարաններին։ Ամբողջ քաղաքը սնուցվում էր այս կենտրոնի միջոցով։

  • Ճշգրիտ հաստոցների գործարան

Ճշգրիտ հաստոցների գործարանի արտադրանքն իրացվել էր ԽՍՀՄ-ում, ինչպես նաև ավելի քան 30 օտարերկրյա պետություններում։  Այստեղի արտադրությունը նույնպես մի շարք երկրներում ցուցահանդեսների է մասնակցել, իսկ 1966 թվականին «4531» մակնիշի էլեկտրակայծային հաստոցը արժանացել է 3 ոսկե մեծ մեդալների։ Գործարանը գիտատեխնիկական կապեր է ունեցել Մոսկվայի, Երևանի, Օդեսայի և այլ նախագծային տեխնոլոգիական ինստիտուտների և կոնստրուկտորական բյուրոների հետ և շատ հաճախ փորձի փոխանակմամբ մասնագետներ էին գալիս և գնում։

Քիմիական մանրաթելերի գործարան

Գործարան, որը մասնակցել է Լայպցիգի, Սան Պաուլոյի, Բուխարեստի, Բուենոս Այրեսի  միջազգային տոնավաճառներին և ցուցահանդեսներին, նրա արտադրանքը սպառվում էր ԽՍՀՄ 30 քաղաքներում։  Ըստ տեղաբնակների, գործարանի շինարարությանը մասնակցել են 13 ազգերի ներկայացուցիչներ:  Այստեղ տարեկան արտադրվել է 13.586 տոննա մանրաթել, 7000 տոննա սիգարետային ֆիլտրի ժապավեն:  Իսկ հումքը, որով պատրաստվում էր արտադրանքը, ստանում էին Կանադայից։