«Տեղս չէի գտնում Փարիզում, օդս չէր հերիքում, ուզում էի Հայաստան գալ»․ Ինչպե՞ս 22-ամյա ՀԱՅՈՒՀԻՆ իրականացրեց իր երազանքը

Անին ծնվել ու մեծացել է Փարիզում։ Վերջերս նա Հայաստանում էր։ Նա Երևանում գտնվող Տարեցների առողջության և խնամքի ապահովման կենտրոնում, կամավոր է, որպես հոգեբան աշխատում է տարեցների հետ։

«22 տարեկան եմ, ու կյանքիս մեծ մասը մեր տանը նույն կռիվն է եղել` ես ուզել եմ, որ գնանք, Հայաստանում ապրենք։ Ծնողներս էլ ասել են` կմեծանաս, ինքդ կգնաս։ Ես էլ մեծացել, եկել եմ», –ասում է Անին։

Անիի ծնողները ծնվել են Հայաստանում, Անիի տարիքին են եղել, երբ տեղափոխվել են Փարիզ։ Այժմ կայացել են, աշխատանք ձեռք բերել և իրենց երկու երեխաների` դստեր և որդու համար հնարավորինս ապահով կյանք ստեղծել Ֆրանսիայում։ Բայց միևնույն ժամանակ ամուր են պահել կապը հայրենիքի հետ։

Տարիներ շարունակ Անին մտածել է երկար ժամանակով Հայաստան տեղափոխվելու մասին։ Դպրոցից հետո Փարիզում համալսարան է ընդունվել, սկսել հոգեբանություն ուսումնասիրել։ Երբ Արցախում պատերազմ է սկսվել… Դա փոխել է նրա բոլոր մտադրությունները, արդեն տեղը չէր գտնում Ֆրանսիայում, ուզում էր շուտ Հայաստան հասնել…

«Ասում են` Փարիզը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է, դու էլ էդ քաղաքը թողել–եկել ես։ Բայց ինձ համար ամենագեղեցիկ քաղաքը Երևանն է, ամենագեղեցիկ վայրը` Հայաստանը։ Միայն էն միտքը, որ շուրջդ հայեր են, զգացողություն է առաջացնում, որ բոլորը իմ բարեկամներն են», –պատմում է Անին։

«Շատ կուզեմ մնալ, էստեղ որպես հոգեբան աշխատել։ Բայց գուցե գնամ, մագիստրատուրայում էլ սովորեմ, նոր գամ` 5 տարի, 10 տարի հետո։ Ամեն դեպքում վերջնական նպատակս Հայաստանում ապրելն ու աշխատելն է։ Մենք մեր տանը միշտ հայի պես ենք եղել, ու ֆրանսիացու մտածելակերպը ինձ համար օտար է», – նշում է Անին։