«Բարով մնաք. Մինչ հանդիպում. Հաղթելու ենք». ՀԵՐՈՍ ԱՎԵՏԻՍԻ վերջին գրառումն է, որից հետո կամավոր մեկնեց մարտի դաշտ, ճանաչե՛ք ՆՐԱՆ

Ավետիս Արամի Ավետիսյանը ծնվել է 1986 թ. հոկտեմբերի 5-ին Երևանում:

2003 թ. ավարտում է Գայի անվան № 129 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվում և 2008-ին ավարտում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի Տեսական տնտեսագիտության բաժինը:

Ուսումն ավարտելուց հետո անցնում է զինվորական ծառայության Արցախում՝ Պաշտպանության բանակի հրթիռահրետանային զորքերի կազմում (2008-2010 թթ.)՝ արժանանալով ավագ սերժանտի զինվորական կոչման և մի շարք պարգևատրումների:

Զինծառայության ընթացքում Ավետիսը խորությամբ սկսում է ուսումնասիրել հրետանին և ծառայությունից հետո ռուսերենից թարգմանում և լրամշակում է «ՀՀՆ-9Մ հակատանկային նռնականետի ուսումնական ձեռնարկ» խորագրով աշխատությունը (Երևան, 2013 թ.), ապա՝ «Լեռնային պատրաստության հրահանգ» ուսումնական ձեռնարկը (Երևան, 2014 թ.), որոնք երաշխավորվում և տպագրվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից որպես հրետանու դասագրքեր:

Ավետիսի գիտական պոտենցիալը հատկապես դրսևորվում է արվեստաբանության ոլորտում: 2011-2013 թթ. սովորում է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի Արվեստաբանության բաժնում՝ ստանալով արվեստաբանության մագիստրոսի գիտական աստիճան:

2013 թ. ընդունվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրա՝ որպես ատենախոսության թեմա ընտրելով «Ուշ միջնադարի հայ որմնանկարչությունը»:

2015-18 թ. աշխատում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ որպես գիտաշխատող:

2018 թ. աշխատանքի է ընդունվում «Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոն» ՍՊԸ-ում՝ որպես արվեստաբան: Այստեղ Ավետիսը հնարավորություն է ունենում իր տեսական գիտելիքները հարստացնել նաև որմնանկարների վերականգնման փորձառությամբ, այդ թվում՝ ներգրավված լինելով Ս. Էջմիածին Մայր տաճարի՝ ինչպես դժվարտեսանելի հատվածներում, այնպես էլ որմնանկարների վերականգնման ընթացքում ի հայտ եկած մի քանի մեծ ու փոքր վիմագրերի վերկանգնման գործում:

2020թ. սեպտեմբերի 29-ին որպես կամավոր մեկնում է Արցախ: Ընտանիքն այդ մասին տեղեկանում է ֆեյսբուքում Ավետիսի կատարած վերջին գրառումից՝ «Բարով մնաք. Մինչ հանդիպում. Հաղթելու ենք»:

Զոհվում է հոկտեմբերի 18-ին Մարտակերտում՝ թշնամու ավիահարվածից ստացած վնասվածքներից: Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Ուներ մեկ դուստր: