«Ասացի՝ էլ մի գնա հերիք է, պատկերացնում եք՝ լաց եղավ, ասաց՝ փոքր են երեխեքը, մենակ են, մեղք են, իրանց կողքին պիտի լինեմ». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Վրեժի պատմությունը

Վրեժ Արտավազդի Մարությանը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 9-ին Տեղ գյուղում: Հիմնական կրթությունը ստացել է Տեղ գյուղի միջնակարգ դպրոցում: Զորակոչվել է խորհրդային բանակ: Իր զինակից ընկերների հետ մասնակցել է հայրենի գյուղի, ապա՝ Արցախի պաշտպանական մարտերին:

Վրեժին մարտական ընկերները Սարիբեկ անուն-մականունն էին տվել, ու Վրեժին քչերն են իր անձնագրային անունով ճանաչում, նույնիսկ մանկության ընկերները նրան Սարիբեկ էին կոչում:

2016 թվականի ապրիլյանին նույնպես մասնակցեց: Վրեժը ապրիլի երեքին մեկնեց Ջրական ու այնտեղից վերադարձավ միայն մայիսի 9-ին: Սարիբեկը մեր զինվորներով ոգևորված էր վերադարձել՝ «Առյուծներ են, ես իրանց ցավը տանեմ, ամեն մեկը հազար տղամարդ արժե»:

Սարիբեկը գիտեր, որ թուրքին վստահել չի կարելի, երբ հարցնում էին, թե ինչքան պիտի այսպես մնա, առանց երկար մտածելու պատասխանում էր. «Պիտի ամեն օր պատրաստ լինենք, թուրքին հավատալը մեռնելու պես բան է: Հենց հասկացան, որ բավարար ուժ ունեն կամ հենց մի քիչ մենք թուլանանք, կհարձակվեն: Պատերազմ լինելու է, երբ՝ չգիտեմ…»:

44-օրյա պատերազմի լուրը լսելուն պես իր բեռնատարով օգնության էր շտապել: Գիտեր, թե առաջնագիծ զենք ու սնունդ հասցնելն ինչքան կարևոր է: Կամավորագրվելու պահից սկսած բեռնատարը չէր կանգնեցրել:

Կինը՝ Անգին Ավետիսյանը, պատմում է. «Նա վախ չուներ, ոչ մեկս չէինք պատկերացնի, որ կզոհվի, այնքնան ինքնավստահ էր, այնքան հանգիստ: Հոկտեմբերի 3-ին թե 4-ին էր, մի քանի ժամով տուն եկավ, ասացի՝ էլ մի գնա հերիք է, պատկերացնում եք՝ լաց եղավ, ասաց՝ փոքր են երեխեքը, մենակ են, մեղք են, իրանց կողքին պիտի լինեմ: Ասաց ու գնաց: Օրը երկու-երեք անգամ հասցնում էր գալ Գորիս զենք տանելու:

Մինչև հոկտեմբերի 11-ը հասցրել էր 28 անգամ բեռ տեղափոխել առաջնագիծ, հոկտեմբերի 11-ին 29-րդ անգամ էր զենք տեղափոխում, այդ անիծյալ օրվանից հետո նրանից տեղեկություն չունեինք: Մարդիկ ասում էին՝ վիրավորվել է, մի մասն ասում էր՝ գերի է ընկել: ԴՆԹ հետազոտության համար նմուշ հանձնեցինք ու փետրվարի 11-ին մեզ տեղեկացրին, որ տվյալները համընկել են: Սարիբեկի մարմինը գտանք Մեծամորի դիահերձարանում՝ չորս ամիս անց էլ ճանաչելի էր: Բեկորը ճակատի աջ մասն էր վնասել:

Մեր ցավը մերն է, բայց մեր հպարտությունն էլ է մերը, ամուսինս անխոս հերոս է ու ես հպարտ եմ, որ նրա հետ կյանքի ճանապարհ եմ անցել, որ նրա զավակների մայրն եմ…»:

Վրեժ Մարությանը ամուսնացած էր, ունի 2 որդի, 2 դուստր և 7 թոռ։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…