Գիտե՞ք՝ որ ՀԱՅՆ է աղոթել այս սրբապատկերի առջև և բժշկվել աչքերի հիվանդությունից. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ հրաշագործ սրբապատկերի մասին
«Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի կրկնօրինակն է, որն այժմ սրբությամբ պահվում է Վենետիկի Ս․ Ղազար կղզում։

Ըստ ավանդության՝ 1692 թ․ այս սրբապատկերի առաջ է աղոթել Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին և բժշկվել աչքերի հիվանդությունից։

Նրա աղոթքի ժամանակ շարժվել են Տիրամոր շուրթերը, և նա օրհնել է Մխիթարին՝ այո ասելով հայագիտական կազմակերպություն ստեղծելու նրա փափագին։ Հ․ Ղևոնդ Ալիշանը մեծ ցանկություն ուներ ստանալ այս սրբապատկերի կրկնօրինակը լուսանկարի կամ գունանկարի ձևով։ Նա մի քանի նամակներ է գրում Մայր Աթոռի միաբաններին՝ հույս ունենալով, որ կրկնօրինակումը կանի Վարդգես Սուրենյանցը։
1903 թ․ Խրիմյան Հայրիկը Մխիթարյաններին է նվիրում սրբապատկերի կրկնօրինակը, որը կատարել էր Ենովք Նազարյանը Տփղիսում։ Բնօրինակն այժմ ցուցադրվում է ՀՀ Ազգային պատկերասրահում։