«Հրամանատարի զոհվելուց հետո ինքն է գունդը առաջ տարել ու ոչնչացրել թշնամուն». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արմենին, ում 1 ամիս շարունակ հետապնդում էր հակառակորդը

Արմեն Հրայրի Մարտիրոսյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում: Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դեռ փոքր տարիքից աչքի է ընկել իր խելացիությամբ, մտածելակերպով ու աշխատասիրությամբ: 16 տարեկանում ծնողներից թաքուն աշխատել է հարևան գյուղում՝ կատարել է շինարարական աշխատանքներ, իսկ 1 տարի անց՝ 17 տարեկանում, սեփական նախաձեռնությամբ մեկնել է Ալտայի Հանրապետություն՝ արտագնա աշխատանքի նպատակով, և իր վաստակած ողջ գումարը ներդրել է բնակարանի վերանորոգմանը:

Հայոց բանակ զորակոչվել է 2015 թվականի հունվարի 25-ին: Զորակոչվելուց 2 ամիս առաջ մտերիմ ընկերոջ հետ ծնողներից թաքուն դիմել են տեղի զին.կոմիսարիատ՝ կամավոր զորակոչվելու Արցախ՝ Մարտունի 3 ծառայության անցնելու համար, սակայն նրանց ասել են, որ վիճակահանության արդյունքում ամեն մեկը կգնա իրեն վիճակագրված տեղը:

Արմենը 4 ամիս ծառայել է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, այնուհետև տեղափոխել են նույն շրջանի Թալիշ գյուղ, եղել է ավագ հետախույզ-գնդացրորդ: Մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին, որի ժամանակ եղել է հենակետի պատասխանատու, իսկ ապրիլի 2-ին Հրամանատարի զոհվելուց անմիջապես հետո ամբողջ պատասխանատվությունն իր ուսերին վերցնելով՝ գունդն առաջ է տարել ու խիզախ մարտեր վարել թշնամու դեմ:

Արմենը Կարմիր խաչի հետ մեկտեղ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմների որոնողական աշխատանքներին, որի մասին տեղյակ չի պահել նույնիսկ ծնողներին: 1 ամիս շարունակ գտնվել է հակառակորդի հետապնդման տակ: Նրան պատրաստվում էին հրամանատարի կոչում շնորհել, սակայն, ավաղ, Արմենը հերոսաբար զոհվեց 2016 թվականի մայիսի 11–ին Թալիշի սահմանները պաշտպանելիս…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…