«Ընկերները պատմում են, թե ինչպես է Դավիթը մարտի դաշտից դուրս բերել վիրավոր ընկերներին, ինքն էլ դուրս պրծել թշնամու ձեռքից». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Դավիթին

Դավիթ Ասլիյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 12-ին Վանաձորում։ Ավարտել է Վանաձորի մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի տնտեսագիտական հոսքը:

Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերի 20-ին: Ծառայել է Մատաղիսում։ 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը, և չնայած Դավիթը վարորդ էր, Մատաղիսում մղվող թեժ մարտերի ժամանակ, թողնելով մեքենայի ղեկը, զենքը ձեռքին արիաբար կռվել է մինչև վերջ:

Դավիթը պատերազմից ոչինչ չէր պատմում: Հարազատները Դավիթի զոհվելուց հետո են իմանում, թե ինչպիսի փորձություններ է տեսել: Թեժ մարտերի ընթացքում Դավիթը շրջափակումից է ազատվել, կռվել է ամենաթեժ կետերում, շատ խիզախություններ է գործել, օգնել է ընկերներին՝ մարտի դաշտից դուրս բերելով նրանց։

Անվախ հերոսը վնասվածք ուներ, բայց այնքան ընկերասեր էր ու նվիրված, որ մենակ չթողեց ընկերներին ու պայքարեց մինչև վերջ։ Նույնիսկ մի անգամ, ընկերոջ պատմելով, դուրս է պրծել թշնամու ձեռքից, այդ անգամ փրկվել…

Դավիթ Ասլիյանը զոհվեց մարտի դաշտում՝ մինչև վերջին շունչը նվիրված մնալով իր ընկերներին ու հայրենիքին…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…