«Մարտի դաշտից դուրս բերեց 30 զոհված զինակիցներին, իսկ ողջ մնացած 16-ին հանեց չեզոք գոտուց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Էդիկին

Էդիկ Սերգեյի Բաղրյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 25-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Էդիկը մեծացել է զինվորականի ընտանիքում ու երազում էր շուտ անցնել ծառայության։

Հայոց բանակ զորակոչվեց 2019 թվականի հուլիսի 1-ին։ Ծառայել է Մատաղիսում, եղել է գնդացրորդ։ Ծառայում էր զինվորականին վայել ձևով, ամեն գործում աչքի էր ընկնում իր պատասխանատվությամբ։

Պատերազմի նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, խոսել է իր սիրելիի հետ և ասել, որ գիշերը անհանգիստ էր, չեն քնել, սպասում էին որ դիրքեր պիտի բարձրացնեն, բայց տագնապ չտվեցին։ Ասաց՝ վաղ առավոտյան կգնամ ճաշարան ու կզանգեմ, բայց մինչև սեպտեմբերի 29-ը չզանգեց, նույն օրը ուշ երեկոյան ժամը 1-ին ուրիշ համարով զանգեց ու ասաց՝ Տաթ, երջանկությանս չափ ու սահման չկա, որ լսեցի ձայնդ։

Կռվի առաջին օրվանից մարտի դաշտում էր։ Մարտի դաշտից դուրս է բերել 30 զոհված զինակիցներին։ Երբ զանգեց, ասաց, որ նրա պատասխանատվության, խիզախության համար եկել էին լեյտենանտի կոչում տալու, որ գոնե կարողացել է վաշտի մնացած 16 զինվորին դուրս բերել չեզոք գոտուց։

Վերջին անգամ սիրելիի հետ խոսել է հոկտեմբերի 13-ին առավոտյան, ասաց՝ սիրում եմ քեզ, լավ մնա, կզանգեմ, բայց այդպես էլ չզանգեց…

Էդիկ Սերգեյի Բաղրյանը զոհվել է հոկտեմբերի 14-ի լուսաբացին Մարտակերտում։ Հոկտեմբերի 19-ին հուղարկավորեցին Գիշի գյուղի գերեզմանատանը։

Մայիսի 12-ին Էդիկ Բաղրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…