«Մինչև վերջին ընկերոջը լուսամուտից դուրս չհանեց, չլքեց հրետակոծվող տարածքը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Գոռին

Գոռ Վասիլիի Ավետիքյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 6-ին։ Գոռն այնքան տաղանդավոր և խելացի է եղել, որ հենց սկսեց խոսել, անգիր արտասանեց բոլոր այն ոտանավորները, որ արտասանվել էին իր համար, իսկ հինգ տարեկանից արդեն հասկանում և թարգմանում էր ռուսերեն հեքիաթները:

Գոռը սովորել է սովորել է Ա. Միկոյանի անվան համար 166 դպրոցում, որից հետո 2015 թվականին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ՝ գեղանկարչության բաժին։

Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 21-ին՝ անավարտ թողնելով ուսումը: 6 ամիս ծառայել է Արմավիրում, եղել է ՀՄՄ-ի մեխանիկ-վարորդ, այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախում՝ Մարտունի 3 զորամասում, արդեն որպես ՀՄՄ-ի ավագ մեխանիկ վարորդ։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրը թշնամու հրետակոծության հետևանքով փլուզվում է զորամասը, Գոռը, մինչև վերջին ծառայակից ընկերոջը լուսամուտից դուրս չհանեց, չլքեց հրետակոծվող տարածքը։ Նա այնքան էր ջանում օգնել ընկերներին և պաշտպանել հայրենի հողը, որ ժամ առաջ լքեց հոսպիտալը, որտեղ հայտնվել էր ոտքերի վերքերից արյան վարակ ստանալու պատճառով։

Ընդհամենը 5 օր էր մնացել պատերազմի ավարտին… Գոռը զոհվեց նոյեմբերի 3-ին՝ զենքը լիցքավորելու ժամանակ թշնամու տանկի հարվածից։

Գոռ Վասիլիի Ավետիքյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» և » Մարտական ծառայության» մեդալներով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…