Հենց այս ՀԱՅԻ ստեղծած ձայնագրությունն է օգտագործվել ոչ միայն հայկական, այլ նաև թուրքական և ընդհանրապես մերձավորարևելյան երաժշտության մեջ. լսե՞լ եք Լիմոնջյանի ձայնագրության մասին

Խոսքը հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիր Համբարձում Լիմոնջյանի մասին է, ով առավել հայտնի է Նոթաջի պապա Համբարձում անունով։

Լիմոնջյանը ծնվել է Կ. Պոլսում։ Ինքնակրթությամբ կատարելապես տիրապետել է հայ հոգևոր երաժշտությանը։ Կրթություն է ստացել ծննդավայրի Զենջիրլի խան թաղի հոգևոր դպրոցում, որտեղ աչքի է ընկել որպես լավ շարական երգող։ Երաժշտական կրթությունն ստացել է հույն երաժշտագետ Ոնոփրիոս Թաթավլեցու մոտ, հմտանալով հունական երաժշտական խաղերի մեջ։ Ապա աշակերտել է հայ երաժշտագետ Զեննե Պողոսին։ Խորապես ուսումնասիրել է հայկական, հունական, թուրքական և արաբական երաժշտությունը, ծանոթացել եվրոպական երաժշտությանը։ Ունեցել է նաև ինքնուրույն վոկալ ստեղծագործություններ, որոնցից են՝ «Ով ամենապայծառ», «Համեմատ քեզ ոչ գո նման», «Վեհ Հմայակ», «Գործք քաջության», «Զարթիր, զարթիր» և այլն, որոնցից միայն մեկն է հասել մեզ։ Հիանալիորեն տիրապետել է թամբուր նվագարանին։ Երկար տարիներ աշխատել է դպրոցներում՝ իբրև երաժշտության դասատու, ինչպես նաև եղել է եկեղեցական դպիր։

Համբարձում Լիմոնջյանը շուտով գալիս է այն համոզման, որ տիրացուների անճաշակ կատարումներով ազգային հոգևոր երգը, և հատկապես ծանր եղանակները, ենթարկվում են աղավաղումների ու շրջապատի օտար ազդեցությունների, ինչից և անհրաժեշտ էր խուսափել։

«Մեր եկեղեցական երաժշտությունը, — գրում է Լիմոնջյանը, — իր պարզությամբ վսեմ է ու գեղեցիկ։ Հարկ չկա նրանց մեջ ավելորդ գեղգեղանքներ մտցնել և իրենց ձայնին գեղեցկությունը ցուցադրելու նպատակով անվայելուչ ձևերով նմանությունն ընել այսինչ երգչին, գնչուին կամ հրեային»։

Ասվածն իբրև երևույթ վերաբերում է ողջ հայ երաժշտությանը, այդ թվում նաև գործիքային երաժշտությանը, որն իր հիմքում ամենից առաջ՝ երգ է, մեղեդի։ Լիմոնջյանն իբրև ստեղծված իրողությունից դուրս գալու ելք գտնում է, որ կորսված խազերի փոխարեն պետք է ստեղծել հայկական նոտագրության նոր համակարգ։ Տյուզյան ամիրաների նյութական օժանդակությամբ ձեռնարկում է հայկական նոտագրության ստեղծումը, հետևելով եվրոպական ձայնագրությանը։ 1813 թվականին աշխարհին հայտնի դարձավ «Լիմոնջյանի ձայնագրությունը»։

Նոր հայկական ձայնագրության օրինակ

Վերջինս հատկապես կարևոր է, քանի որ հայերն էլ երաժշտության պատմական զարգացման ընթացքում, կոմպոզիտորական ստեղծագործության բնագավառում անցան եվրոպական երաժշտության նոտագրության, բոլորի նման հաղորդակցվեցին եվրոպական պրոֆեսիոնալ երաժշտությանն ու դրա մտածողությանը՝ երևույթի դրական ու բացասական կողմերով հանդերձ։ Այսպիսով հիմք դրվեց հայկական նոր ձայնագրությանը, որը հետագայում շարունակեցին նրա աշակերտները՝ Հովհաննես Մյուհենտիսյանը և այլք։ Իսկ Լիմոնջյանի աշակերտներից Արիստակես Հովհաննիսյանը, վերջինիս աշակերտ Գաբրիել Երանյանը մասնակի լրացումներ են արել իրենց մեծ ուսուցչի ստեղծած համակարգի մեջ։

Դրա կատարելագործմանը մասնակից է եղել նաև Կոմիտասը, որն իր ուսումնասիրական և հայկական ժողովրդական երաժշտության ուղևորություններում, հիմնականում օգտագործել է նոտագրության այս համակարգը։ Լիմոնջյանի համակարգը (ինչպես կրճատ անվանում են այն) մեծապես օգնեց հայ հոգևոր երգի պահպանմանը։

Սկսած 19-րդ դարից, այս նոտագրությամբ գրի են առնվել Պատարագը, Շարակնոցը, Ժամագիրքը, իսկ 20-րդ դարի սկզբից գրի են առնվել և կազմվել նաև ժողովրդական ու գուսանական, ազգային-հայրենասիրական ու քաղաքային երգերի այլևայլ ժողովածուներ, գործիքային նվագների հավաքածուներ։ Լիմոնջյանի նոտագրության համակարգը դեռ այսօր էլ պահպանում է իր գործնական նշանակությունը, մանավանդ միջնադարյան երաժշտություն ուսումնասիրելիս։ Ի դեպ, նրա ստեղծած ձայնագրությունը օգտագործվել է ոչ միայն հայկական, այլ նաև թուրքական և ընդհանրապես մերձավորարևելյան երաժշտության մեջ:

Նոր հայկական ձայնագրությունը այժմ դասավանդվում է Երևանի պետական կոնսերվատորիայում, Գևորգյան Ճեմարանում, և ուրիշ երաժշտական հիմնարկություններում։