«Ո՞վ կմտածեր, որ մեր սիրելի «պատերազմ» խաղը կդառնար իրական ու ԵՂԲՈՐՍ կխլեր մեզանից մեկընդմիշտ». կարդացե՛ք 20-ամյա ՀԵՐՈՍ ՀԱՅԿԻ պատմությունը

Արցախում զոհված Հայկ Արթիկի Եղիազարյանը 20 տարեկան էր, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից: Հայկը տան փոքրն էր, իրենից մեծ 3 քույր ունի:

Հայկը ծառայել է Իվանյանի զորամասում, այնուհետև տեղափոխվել է Հադրութ: Եղել է տանկի հրամանատար ու պատվով է կատարել իր առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները:

Կռվել է քաջաբար և ընկել հանուն հայրենիքի հոկտեմբերի 2-ին Հադրութում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:


Հայկի քույրը՝ Լիլիթը, պատմում է, որ Հայկը ամենաշատը իր ծննդյան օրն է սիրել.

«Ամենաշատն իր ծննդյան օրն էր սիրում, ու մի սովորություն ուներ վերջին շրջանում, կեսգիշերից մի քանի րոպե պակաս միշտ թաքնվում էր, որ գտնեինք ու շնորհավորեինք տարեդարձը…»:

Լիլիթը հիշում է իրենց մանկության օրերը, երբ եղբոր հետ «պատերազմ-պատերազմ» էին խաղում և պայքարում երևակայական թշնամու դեմ և ավելացնում է՝ «Ո՞վ կմտածեր, որ մեր սիրելի «պատերազմ» խաղը կդառնար իրական ու Հայկին կխլեր մեզանից մեկընդմիշտ…»:

Հայկ Արթիկի Եղիազարյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմրեի 7-ին՝ Բյուրեղավանում: