«Ասաց՝ Սաթ, ես գնում եմ, իմ երեխեքին վտանգ է սպառնում, «իմ երեխեքը» իրա զինվորներն էին». կարդացե՛ք 3 երեխաների ՀԱՅՐ, ՀԵՐՈՍ Գառնիկի պատմությունը

Մայոր Գառնիկ Հուսիկի Խաչատրյանը ծնվել է 1987 թվականին Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ծառայության էր անցել էր Հայաստանի զորամասերից մեկում, իսկ վերջին 5 տարում տեղափոխվել էր Արցախ՝ Մատաղիս:

Հերոսը պատերազմի առաջին օրվանից իրեն նվիրել էր Արցախի համար մղվող պայքարին: Ընկել է հերոսաբար հոկտեմբերի 2-ի գիշերը լույս 3-ին՝ Մատաղիսում:


«Մեծ տղաս 11 տարեկան է, իսկ փոքր տղաս ու աղջիկը զույգ են՝ 4 տարեկան, ապրիլյան պատերազմից հետո են ծնվել՝ 2016 թվականին, ամուսինս նաև ապրիլյան պատերազմին է մասնակցել: Գառնիկն ապրում էր իմ ու մեր 3 երեխաների հետ, հայր ու մայր չուներ, ուներ մեզ, մենք էլ ունեինք իրեն…

Ինքը շատ հանգիստ բնավորություն ուներ, շատ հոգատար, թե ընտանիքում, թե զինվորների համար: Միշտ բողոքում էի, ասում էի՝ խի՞ ես ուշ գալիս, միշտ քեզանից կարոտ ենք մնում, որովհետև առավոտ շուտ գնում էր, երեկոյան նոր գալիս էր, պատասխանում էր՝ որ առավոտյան գլուխս բարձր շարք կանգնեմ»,- պատմում է Արցախում դիպուկահարի կրակոցից զոհված 33-ամյա մայոր Գառնիկ Հուսիկի Խաչատրյանը կինը՝ Սաթենիկը:

Սաթենիկի մոտ տպավորվել է սեպտեմբերի 27-ի առավոտը, երբ թշնամին սկսեց ռմբակոծել իրենց շենքը:

«Պատերազմի օրն ինքը տանն էր՝ 06:50, երբ կրակոց եղավ՝ ինքը վազելով երեխեքին գրկեց ու ասաց՝ Սաթ, շուտ նկուղ իջիր, բայց չնկատեց, որ ես չեմ գնում: Քանի որ երեխեքը տկլոր էին, մի քանի շոր վերցրեցի, ինքը երեխեքին իջեցրել էր ու տեսել, որ ես չկամ, հետևիցս հետ էր եկել, որովհետև անմիջապես մեր շենք էին ռմբակոծում… Ասաց՝ Սաթ, ես շուտ գնում եմ, իմ երեխեքին վտանգ է սպառնում, «իմ երեխեք» ինքը միշտ իր զինվորներին էր ասում: Մոտ 7 ժամ մնացել ենք ռմբակոծության տակ, մինչև մեզ օգնության են եկել, որովհետև ռմբակոծում էին: Հետո զանգեց, տեսավ, որ ապահով տեղում ենք, ինձ էլ հանգստացնելու համար ասաց, որ ինքը Մատաղիսում չէ, բայց հետո պարզվեց, որ Մատաղիսում է եղել մինչև ամսի 2-ը»,- պատմեց Սաթենիկը:

Գառնիկը 2 օր տուն չզանգելուց հետո, հոկտեմբերի 1-ին կնոջն էր զանգել, հավատացրել էր, որ ամեն բան լավ է.

«Շատ անհանգիստ էի, երբ զանգեց, լացեցի, խնդում էր վրաս, ասում էր՝ գիժ ես դու, խի՞ ես լացում, ես շատ ապահով տեղ եմ, շատ լավ եմ, երեխեքին լավ կնայես, վաղը նորից կզանգեմ: Ամսի 2-ի առավոտյան զանգեցի, ինքն անջատեց, այսինքն՝ ինքը չանջատեց… Հավատացեք 12 տարվա մեջ  ինքը երբեք իմ հեռախոսազանգը չի անջատել, երբեք, թեկուզ, որ ժողով էին ունենում, այդ ժամանակ էլ չէր անջատում, ես այդ անջատելուց զգացի, որ դա իմ Գառնիկը չանջատեց, ու հասկացա, որ ինքն էլ չկա…»:

Սաթենիկն ու հերոս ամուսինը բազում պլաններ ունեին ապագայի հետ կապված, ցավոք, դրանք անկատար մնացին:

Փառք ու պատիվ մեր բոլոր Հերոսներին