Բոլորը վախեցան, միայն ՆԱ արեց այդ կարևոր գործը. ո՞վ էր ՀԱՅ առաջին մեխանիկը, որ փրկեց եվրոպական ավտոարտադրություն

  • Հայ առաջին «դզող-փչող»-ի պատմությունը

Առաջին հայացքից փոքր-ինչ անհավանական կարող է թվալ, որ պատմությունը պահպանել է հիշատակություններ այն հայի մասին, ով առաջինն է ավտոմեքենա վերանորոգել կամ, ինչպես ժողովրդի մոտ է ընդունված ասել` եղել է հայ առաջին «դզող-փչողը»: Սակայն, բարեբախտաբար, վկայություններ կան և դրանք հավաստի են:


1898 թվականին ավտոմեքենաներ արտադրող եվրոպական մի ընկերություն որոշում է ընդարձակել իր իրացման շուկաները և այդ նպատակի համար մեքենաներից մեկն ուղարկում է Անդրկովկաս` տեղում ցուցադրական վազք կատարելու համար: Մեծ տպավորություն ստեղծելու համար ընտրվում է Թիֆլիս-Կարս ճանապարհը: Եվ ահա Կարսից վերադառնալիս Լոռվա սարերում կատարվում է ամենաանցանկալին` ավտոմեքենան խափանվում է:

Տեղում կարգի բերելու բոլոր փորձերը ձախողվում են: Ստիպված օգնության են կանչում լոռեցիներին, ովքեր էլ եզներ են տրամադրում ձախորդ արշավորդներին ու «երկաթե նժույգը» եզներին լծած` հասցնում են Թիֆլիս:

Բայց տեղ հասնելը դեռ գործի միայն կեսն էր: Իսկ ինչպե՞ս վարվել խափանված շարժիչի հետ: Քաղաքում ոչ ոք հանձն չի առնում անել մի բան, ինչը երբեք չի արել: Եվ հենց այդ պահին էլ կատարվում է անսպասելին: Ասում են, որ Թիֆլիսի Յավորսկու օպտիկամեխանիկական արհեստանոցում կա մի հայ, ով պատրաստ է մեքենան նորոգել: Այդ երիտասարդի անունն էր Հակոբ Հարությունի Երզինկյան: Այս բանիմաց, ճարպիկ ու տրամաբանող վարպետին էլ վիճակված էր լինել հայ առաջին ավտովերանորոգողը` հիացմունք ու զարմանք պատճառելով թե օտարներին, թե տեղաբնակներին: Նաև դա էր պատճառը, որ աշխատանքը փայլուն կերպով կատարելուց հետո որոշում են արհետանոցի դիմաց լուսանկարվել` անմահացնելով հիշարժան դեպքը: