Ավետիք Իսահակյանի ու Խրիմյան Հայրիկի հանդիպումը․ գիտե՞ք, թե ինչ է արել Հայրիկը հանիպումից հետո

Ավետիք Իսահակյանը իր ժամանակի գրեթե բոլոր մեծերի հետ հանդիպել է, ու այդ հանդիպումներից մեզ շատ հետաքրքիր պատմություններ են հասել։ Ահա Ձեզ ենք ներկայացնում Խրիմյան Հայրիկի հետ գրողի պատմությունը, որը հենց գրողն է պատմում․

Մի երեկո անմոռանալի բախտ ունեցա Խրիմյան Հայրիկի մոտ լինելու և համբուրելու նրա աջը:
-Վեհափա՛ռ Հայրիկ, — ասացի ես, — մեծ բախտավորություն եմ զգում, որ ինձ վիճակվել է բերել Նահապետ Ալիշանի կարոտագին ողջույնները:
-Ահ, շատ շնորհակալ եմ: Դու Վենետիկու՞մ էիր, ինչպե՞ս է հայր Ղևոնդը:
-Լավ է, վեհափա՛ռ հայրապետ, այս գարնանը Վենետիկում էի և պատիվ ունեցա մի քանի անգամ լինելու ալեզարդ նահապետի մոտ: Նա հիվանդոտ է և թույլ…
-Ափսո՜ս — ափսոս, — խոսքս ընդհատեց Հայրիկը, — մենք հասակակիցներ ենք, ես շատ եմ սիրում նրան: Նա անուշ գրիչ ունի: Նա շատ է ազդել իմ գրչի վրա, նա ինձ շատ բաներ է ներշնչել: Ասա՝ ուրիշ ի՞նչ էր անում:


-Նա ինքն էլ էր ասում, որ Հայրիկը միայն հարյուր օր է մեծ իրենից, և ասում էր , թե բերկրանքով է լսում՝ իմանալով, որ հայրիկը ձի է նստում և ժողովրդին այցի է գնում …
-Միշտ նախանձում էր Ձեզ, վեհափա՛ռ Հայրիկ, — նկատեցի ես, — և ասում էր. «Հայրիկն ուրիշ է. նա առույգ է մնացել, որովհետև Մասիսի շուքին ներքո է քնում, հայոց դաշտերի ծաղկանուշ հովն է շնչում, Սրաքսի սառնորակ ջուրը խմում: Դա մեծ բախտավորություն է»: Այստեղ Հայրիկը ուրախ և սրտանց ծիծաղեց:
-Ես վաղը ևեթ կկարգադրեմ, որ նրա համար Մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և փոքրիկ արկղով ուղարկեն Վենետիկ:

Ինչպես հետո իմացա, Հայրիկը Ղևոնդ Ալիշանին ուղարկել էր իր խոստացածը, բայց մինչև հասնելը, դժբախտաբար, սիրելի Նահապետը արդեն վախճանվել էր։