Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է․ մեծ գրողը կդառնար 87 տարեկան․ կարդանք նրա մտքերից մի քանիսը

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 12-ին Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։ Մաթևոսյանը գրական ասպարեզ եկավ «Ահնիձոր» ակնարկով ու մեզ թողեց մեծ ժառանգություն։ Նույնիսկ նրա արտահայտած մտքերը, որոնք ասվում էին զրույցների, հանդիպումների ընթացքում, իրենց մեջ մեծ արժեք են ներկայացնում։ Ահա այդ մտքերից մի քանիսը․

  • Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո, երկրները, պետությունները զոր ու զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումներից հետո։ Եվ մի մշակույթը տեղի է տալիս մի այլ մշակույթի, որից հետո հաջորդում է գրոհող երկրի զորքերի ներխուժումը:
  • Եթե մի օր այստեղ՝ գյուղում, հունձք չանես, քաղաքն այնտեղ սովամահ կլինի։
  • Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի։
  • Ամեն մարդ էնքան է ապրում՝ ինչքան ինքն է ուզում։
  • Ամենադժվարն իսկապես սեփական ճճվին սեփական հոգում ճզմելն է և ամենահեշտն իսկապես՝ ուրիշների անուրանալին ուրանալու կարողությունը, որոնց մեղքը այն է միայն, որ նրանք դու չես, նրանք մեզնից են՝ բայց մենք չեն, ինձնից են՝ բայց ես չեմ։
  • Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես հիշողություն ունեմ։
  • Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում: Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում: Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում։
  • Աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու։
  • Ապրուստի գլուխն էլ հողեմ, կարևորը մարդուս առողջությունն է և ուրախությունը, քանզի մարդս ծաղիկ չի, մի անգամ է լինում ու, էս մե՛ծ հավիտենականության մեջ, էլ չի՛ լինում, չի՛ կրկնվում։