«Հայրիկ ես որբ եմ, ոչ հեր ունեմ, ոչ մեր». Թումանյանը բացի Ամենայն ՀԱՅՈՑ բանաստեղծից նաև Ամենայն ՀԱՅՈՑ ՀԱՅՐԻԿ էր

Ամենայն Հայոց բանաստեղծ Թումանյանը, բացի գրական մեծ հարստություն թողնելուց, նաև ծառայել է իր հայրենիքին, իր ժողովրդին, ծառայել է անձնվիրաբար… Դրա վառ ապացույցը Թումանյանի նամակն է՝ ուղղված Անդրանիկին: Երբ 1917թ. դեկտեմբերին, ռուսները հեռանում էին ռազմաճակատից՝ հայերին թողնելով բախտի քմահաճույքին, Անդրանիկը զինվորագրելու կոչ է անում՝ յուրաքանչյուր հայ ընտանիքին զինվոր տալ հայրենիքին ծառայելու համար: Անդրանիկի կոչին առաջին արձագանքողներից մեկը եղավ հենց Թումանյանը և իր նամակում գրեց, որ պատրաստ է իր չորս տղաներին ուղարկել՝ հայրենիքը պաշտպանելու, իսկ չորս աղջիկներն էլ թիկունքում՝ որպես գթության քույրեր: Թումանյանը դեռևս 1913 թվականին էր կանխատեսել 1915-ի սարսափները՝ գրելով.

«Թուրքիան կդիմի ամենահրեշավոր միջոցներին` վերջ դնելու հայ ժողովրդին իր հարցի հետ միասին»:

Բանաստեղծը լավ էր ճանաչում թուրքի տեսակը: Նա նույնիսկ ականատես է եղել թուրքերի և քրդերի կատարած վայրագություններին, որոնց մասին այնպիսի սարսափելի գրառումներ է թողել, որոնք նույնիսկ հիմա անհնար է կարդալ առանց սարսափահար լինելու:

Այդ սարսափելի տեսարաններից հետո, ծանր ապրումների մեջ, կես մարդ դարձած Թումանյանը հասնում է Թիֆլիս: Նրա առողջական վիճակը վատացել էր, և բժիշկները նրան խորհուրդ են տալիս անմիջապես մեկնել որևէ առողջարան, սակայն Թումանյանը այդքան գումար չուներ, ուստի ընկերոջ խորհրդով գնում է Թաբախմելա ամառանոց, որտեղ հույս ուներ մի փոքր հանգստանալու և ավարտին հասցնելու իր «Հազարան բլբուլ» գործը, ինչը չհաջողվեց անել, քանի որ ընդամենը 2-3 օր անց վրա հասավ Եղեռնի և ավերիչ գաղթի գույժը:

Թումանյանի արծաթյա նոթատետրը

Բանաստեղծը, անտեսելով իր առողջական վիճակը, անմիջապես վերադառնում է Թիֆլիս, գրում «Հանգիստ ու լիքը հավատքով» հոդվածը՝ կոչ անելով աշխարհասփյուռ հայությանը չհուսահատվել և համախմբվել գաղթականներին փրկելու հարցի շուրջ, իսկ ինքը առանց րոպե անգամ կորցնելու Թիֆլիսից շտապում Էջմիածին, որտեղ հավաքել էին հազարավոր գաղթականներ՝ հատկապես որբեր՝ տարբեր տարիքի:

Էջմիածինը դարձել էր իսկական դժոխք երկրի վրա: Ցեղասպանության սարսափները տեսած, խեղված հոգիներով, ամենատարբեր հիվանդություններով վարակված, կեղտոտ ու սոված անթիվ-անհամար երեխաներ հավաքվել էին Էջմիածնում: Այդ առաջին օրերին որբերի կողքին էր միայն Թումանյանը: Անտեսելով բոլոր հնարավոր վտանգները՝ նա բերել էր նաև դստերը՝ Նվարդին: Էջմիածնի հավաքատեղին այդ ժամանակ ոչ միայն դժոխք էր, այլ մահ էր բառի լայն իմաստով: Տասնյակ հիվանդություններ, դրանցից ամեն վայրկյան մահացող որբեր և բուժքույրեր, սակայն Թումանյանի համար սեփական երեխայի կյանքն անգամ անկարևոր էր, երբ հայրենակիցների լինելիության հարցն էր դրված:

Հենց այդտեղ է տեղի ունենում Թումանյանի և Կաթողիկոսի միջև եղած հայտնի երկխոսությունը, որի ժամանակ համեստագույն բանաստեղծն առաջին անգամ տալիս է իրեն թերևս ամենաարժանի «Ամենայն հայոց բանաստեղծ» անվանումը:

Թումանյանն անմիջապես սկսել էր իրականացնել որբերի տեղաբաշխման, սննդի, հագուստի, հիգիենայի հետ կապված բոլոր վարչական հարցերի համակարգումը: Նա հաշվի էր առնում նաև որբերի հոգեկան աշխարհը: Դեռ մի քանի տարի ապրած այդ երեխաները հասցրել էին տեսնել դաժանագույն և սարսափելի տեսարաններ, ուստի մայրական սիրո ու քնքշանքի կարիք ունեն: Այդ նպատակով նա սկսեց կոչ անել բոլոր կանանց ու աղջիկներին լինելու որբերի կողքին, սակայն շատ դեպքերում էլ օգնության հասած աղջիկներին բանաստեղծն ինքն էր տուն ուղարկում՝ հաշվի առնելով նրանց անչափահաս լինելը:

Այդպես նա տուն ուղարկեց Չարենցի հայտնի սերերից մեկին՝ Կարինե Քոթանջյանին, այդպես տուն էր ուզում ուղարկել ուսուցչուհի Սաթենիկ Օհանջյանին, որը չլսեց Թումանյանին, մնաց և մահացավ համաճարակից և որի մահը հատկապես ծանր տարավ բանաստեղծը:

Ինչքան էլ քույրերը նվիրումով կատարեին իրենց աշխատանքը, որբերի ամենասիրելին, միակ հույսն ու ապավենը Թումանյանն էր, ում սկսեցին անվանել «ամենայն հայոց հայրիկ»: Նրան էին դիմում իրենց բողոքներով, խնդրանքներով, նրան էին կանչում հիվանդ ժամանակ, խնդրում, որ իրենց ծամերը չկտրեն, որ իրենց համար կարմիր զգեստ կարեն: Այդ մասին Թումանյանը գրել է. 

«Երեխաներից ոմանք էնպես են սովորել, որ ճաշելուց հետո էլ փեշերս բռնում են (թեև հագնված են, պատսպարված և կերակրված) հայրիկ ես որբ եմ, նա հեր ունեմ, նա մեր» : «…Որ ասում էին նոր շորեր պիտի կարենք ձեզ համար, էստեղից-էնտեղից գլուխ էին բարձրացնում. – Հայրի՛կ, ինձ համար կարմիր հալավ կարեցե՛ք…»
Նվարդ Թումանյանի հուշերից․․․ | Քրիստինե Շահբազյան
Թումանյանը դստեր՝ Նվարդի հետ

Շատ ուշագրավ են Նվարդ Թումանյանի հուշերը. «Օգոստոսի 19-ի գիշերն էր: Արարատյան դաշտի անմոռանալի ծանր գիշերը… Հայրիկս սև թիկնոցով, կեպին գլխին, շտապ դուրս եկավ սենյակից՝ գաղթականությունը շենքերում պատսպարելու, վազում էր կետից կետ, վրանից վրան… մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մի օր էլ, տեղատարափ անձրևին, նա վազեց, բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհարանը, որը մինչ այդ անձեռնմխելի էր: Գաղթականները լցվեցին ներս: Զայրացած կաթողիկոսը կշտամբում է պոետին, ասելով. – Դուք գիտեք , որ ես Ամենայն Հայոց Կաթողիկոսն եմ… Թումանյանը պատասխանում է.- Գիտեք , որ ես էլ Ամենայն Հայոց Բանաստեղծն եմ»:

Սա թերևս ամենամեծ գնահատականն է, որին բանաստեղծը ակամա արժանացրել է ինքն իրեն: Եվ Ամենայն Հայոց բանաստեղծն է, որ ուներ իր ժողովրդին հոգեհանգիստ կարդալու բարոյական մեծ իրավունքը.

Թումանյանի դուստրը` Նվարդը, արհամարհելով ամեն մի դժվարություն, անձնվիրաբար ծառայում էր իր ժողովրդի փրկության գործին: Եղբորը` Արտիկին, ուղղված նամակում գրել է. «Հայրիկն ու ես պատրաստվում ենք, հիմա գնալու ենք Երևան: Որբանոցի երեխաներից հարյուր քսանհինգ հոգի պիտի փոխադրել Երևան, քառասուներեք ծծկեր երեխա կա, պահող չկա: Գաղթականներն արդեն ցրվում են. որբերը նորից շատացել են… Ճեմարանը հիվանդանոց են դարձրել: Հայրիկը շատ գոհ է… հոգնել է, բայց գործը կիսատ թողնել չի կարող»

Այսպիսին էր Թումանյանը՝ միշտ հայրենիքին նվիրված, միշտ ժողովրդին ծառայող...