«Ես ապրել եմ դժվար կյանք, բայց նրանում կար ամեն ինչ» . ճանաչենք ՀԱՅԻՆ, որի շնորհիվ Լայպցիգի միջազգային տոնավաճառում ցուցադրվեցին խորհրդային առաջին լազերները

Ես ապրել եմ դժվար կյանք, բայց նրանում կար ամեն ինչ։ Այդ կյանքում իրոք կար ամեն ինչ. և՛ պարտությունների դառնություն, և՛ հաղթանակների բերկրանք, բայց և՛ հաստատուն ու անկասելի էր գիտելիքների ձգտումը։

Այս խոսքերի հեղինակը գիտության ականավոր հայազգի գործիչ, տեսաբան ֆիզիկոս Միքայել Լևոնի Տեր-Միքայելյանի մասին է՝ ծնված 1923 թվականի նոյեմբերի 11-ին  Թիֆլիսում:

Mikael Ter Mikaelian 2003.jpg

Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Միքայելը, հետևելով հոր օրինակին, սկզբում ընդունվում է Երկաթուղային տրանսպորտի ինստիտուտ, սակայն շատ շուտ հասկանում է, որ գիտությունն իրեն ավելի է ձգում, քան ճարտարագիտությունը։

1943 թվականին տեղափոխվում է Թիֆլիսի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ։ Հոր մահից հետո ընտանիքը տեղափոխվում է Երևան, որտեղ էլ նա ավարտում է Երևանի պետական համալսարանը 1948 թվականին՝ պաշտպանելով դիպլոմային աշխատանքը ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ։

Դրան հաջորդում է ասպիրանտուրան Մոսկվայում՝ Պ․ Ն․ Լեբեդևի անվան Ֆիզիկական ինստիտուտի (ռուս.՝ ФИАН) տեսական բաժնում՝ ակադեմիկոս Եվգենի Ֆեյնբերգի ղեկավարությամբ։ Նա մեծ դեր խաղաց Միքայելի կյանքում։ Զուտ գիտական հարաբերությունները շուտով վերածվեցին ամուր բարեկամության, որն էլ պահպանվեց մինչև վերջին օրերը։ Հենց Ֆեյնբերգն էր, ով մանրամասն նկարագրեց Միքայել Տեր-Միքայելյանի թեկնածուական ատենախոսության դրամատիկ պատմությունը և նրա հարաբերությունները Լև Լանդաուի հետ։

1963 թվականին Միքայել Տեր-Միքայելյանը տեղափոխվում է աշխատանքի Երևանի պետական համալսարան, որտեղ դառնում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան։ Այդ տարիներին ԽՍՀՄ ակադեմիկոսներ Նիկոլայ Բասովի, Ալեքսանդր Պրոխորովի և ամերիկացի ֆիզիկոս Չարլզ Թաունսի հիմնարար հետազոտությունները բերեցին առաջին օպտիկական քվանտային գեներատորների՝ (մազերների, լազերների) ստեղծմանը և դրան արագ հաջորդող կիրառություններին գիտության տարբեր ոլորտներում։ Նոր ուղղությունը միանգամից գրավեց Միքայել Տեր-Միքայելյանի ուշադրությունը, և նա կենտրոնացրեց իր ջանքերը Հայաստանում քվանտային օպտիկական էլեկտրոնիկայի և ոչ-գծային օպտիկայի զարգացման վրա, չնայած որ չկային ո՛չ մասնագետներ, ո՛չ համապատասխան սարքավորում։

1962 թվականին ԵՊՀ Ճառագայթման ֆիզիկայի խնդրահարույց լաբորատորիան (ՃՖՊԼ) վերակողմնորոշվեց լազերային թեմայի ուղղությամբ, 1964 թվականին Երևանի պետական համալսարանում ստեղծվեց օպտիկայի ամբիոն։ 1965 թվականին ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի քվանտային էլեկտրոնիկայի բաժնի և ԵՊՀ ՃՖՊԼ-ի միավորումով Միքայել Տեր-Միքայելյանի կողմից հիմնվեց Գիտությունների ազգային ակադեմիայի և ԵՊՀ միացյալ ճառագայթային լաբորատորիան (ԳԱԵՊՀՄՃԼ)։ Հետազոտություններ ծավալվեցին սուտակի (ռուբին) օպտիկական հատկությունների հետազոտման, լազերների բնութագրերի ուսումնասիրման և հարակից այլ բնագավառներում։

Արդեն 1962 թվականին Ռադիոօպտիկայի համամիութենական ԳՀԻ-ի աշխատակիցների օգնությամբ պատրաստվեց առաջին հայկական լազերը։ Միքայել Տեր-Միքայելյանի ակտիվ մասնակցությամբ արդյունաբերական լազերների ստեղծման աշխատանքներին ներգրավվեցին Հայաստանի մի շարք ձեռնարկություններ՝ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) քիմիական կոմբինատը, Արզնիի Ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանը, Երևանի էլեկտրալամպերի գործարանը։ Արդյունքում արդեն 1965 թվականին Լայպցիգի միջազգային տոնավաճառում ցուցադրվեցին խորհրդային առաջին՝ «Արզնի-2» և «Հրազդան» արդյունաբերական լազերները։

Ըստ էության,Միքայել Տեր-Միքայելյանն ապրել է գիտական ստեղծագործությամբ հագեցված կյանք, դաստիարակել է բազմաթիվ գիտնականների, որոնք այսօր շարունակում են հաջողությամբ զարգացնել ֆիզիկան ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից հեռու։

Մեծ գիտնականը մահացել է 2004 թվականի հունվարի 30-ին, 80 տարեկան հասակում:

Գիտնականը խնդրել էր իրեն թաղել Աշտարակում՝ փոքր բլրի վրա գտնվող ընտանեկան գերեզմանոցում, որտեղից լավ երևում է Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, որը ստեղծել էր ինքը և որը շարունակում է զբաղվել հիմնարար հետազոտություններով։