Այս ՀԱՅԸ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից մեկն է. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը 

Խոսքը հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1957) Կարպ (իսկական անունը՝ Կարապետ) Խաչվանքյանի մասին է, ով հատկապես աչքի ընկավ կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։

Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նրան հաջողվեց կերտել և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ։

Կարպը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս։ 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Սիլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։

Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ։ Նկարահանվել է նաև կինոյում՝ «Արարատյան դաշտի աղջիկը», 1949 թվականին, «Պատվի համար», 1956 թվականին, «Ճանապարհ դեպի կրկես», 1963 թվականին, «Ատամնաբույժն արևելյան», 1981 թվականին։ 1998 թվականին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։