«ՀԱՅԸ միշտ հարատևելու է, միշտ ՀԱՅՐԵՆԻՔ է ուզենալու ունենալ ու միշտ էլ ունենալու է». ո՞ր ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԻ ԽՈՍՔԵՐՆ ԵՆ

  • Այս հոդվածում Ձեզ ենք ուզում ներկայացնել ՀԱՅ մեծանուն գրողներից մեկի՝ Հրանտ Մաթևոսյանի հոդվածներից մեկը, որը սերտ կապված է այսօրվա մեր իրականության հետ: Մաթևոսյանը գրում էր՝

Քսենոֆոնի ժամանակվա հայ մարդը և այսօրվա հայ մարդը նույն մարդն են, մեր բնավորությունը չի փոխվել, մեր բնույթը չի փոխվել: Եվ գեղեցիկ ժողովուրդ ենք: Գեղեցիկ էինք Քսենոֆոնի ժամանակ, գեղեցիկ ենք այսօր: Պատմությունը մեզ լլկել է, կողոպտել է, բայց դարձյալ մնացել ենք լավատես ժողովուրդ՝ դեպի մեծ քաղաքականություն, դեպի ԼՈՒՅՍԸ ձգտող ժողովուրդ:

Լոռու սարերում մեկ թվի ծնված մարդ էր, որ տեսանք՝ 80-ն անց էր: Խոսակցությունները ինձնից ու գրքերից հեռու բաներից էին, բոլոր դեպքերում Շեքսպիրի մասին չէին: Մեկ էլ տեղից ելավ մարդը, Թումանյան արտասանելով գնաց: Այդտեղ էր և այդտեղ չէր, սարերում էր, ոչխարի մոտ և միաժամանակ պոեզիայի աշխարհում, տիեզերքի հետ իր զրույցն էր անում: Անընդհատ այդ ենք եղել, և սա անկորնչելի է, չի ջարդվում, չի ջախջախվում, ոչ մի պահի չենք կորցնում: Եզակի ենք:

Մենք ապրում ենք մեր պատկերացումների աշխարհում. մեր մահն էլ, կյանքն էլ, օրն էլ, սերն էլ, սիրահարություններն էլ, ամեն ինչ մեր պատկերացումների աշխարհում են կատարվում:

…Հայոց աշխարհի բոլոր բնակիչներին կմաղթեի ապրել այգիներով մենատներում, ազատ, ապահովված, աշխարհի ժողովուրդների երթի մեջ, ինքնիշխանի վստահությամբ, որովհետև ոչ միայն թշնամու թյուրատեսությամբ է, որ փրկվել ենք, կանք, այլև աշխարհում ապրելու մեր վստահությամբ:

Որևէ բան չի եղել մեր ժողովրդի ճակատագրում, որ որևէ անհատի սխալի հետևանք լիներ, և մեղադրանքով շրջվեինք դեպի այդ անհատը, դեպի երեկ կամ այսօր և անիծեինք: Եղել է այն, ինչ լինելու էր: Կլինի այնպես, ինչպես լինելու է՝ հարատևելու ենք, հայրենիք միշտ ուզենալու ենք ունենալ, հայրենիք միշտ ունենալու ենք: Եվ թշնամին է մեզ հայրենիք տալու, և թշնամին է գուրգուրելու մեր հայրենիքի հավերժությունը, այլապես պայթուցիկ կդառնանք նրա ընթացքի մեջ, ռումբ, որ չի կարող խոստանալ, թե չի պայթի մի օր: Եվ թշնամու ակնկալիքների մեջ որպես հայ և հայերգություն կանք: