«Էնքան մին եմ դրել, որ սաղին խանձելով առաջ ենք գնում, ես էլ չգիտեմ երբ, բայց իմ ոտքով տուն եմ գալու». ՀԵՐՈՍ Անուշավանը այդպես էլ մարտի դաշտից տուն չվերադարձավ

Անուշավան Լևոնի Մարտիրոսյանը (Կյաժ) ծնվել է 1983 թվականի օգոստոսի 8-ին Էջմիածին քաղաքում։ Սովորել և ավարտել է տեղի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը։ Հայոց բանակ զորակոչվել է 2001 թվականին, իսկ 2018-2020 թվականներին պայմանագրային ծառայության է անցել ՀՀ ՊՆ ինժեներական կազմում։

2019 թվականին մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ հումանիտար ականազերծման աշխատանքներ կատարելու, ինչի առիթով պարգևատրվել է պատվոգրով՝ մարդասիրական հումանիտար առաքելության ժամանակ ցուցաբերած բարձր ցուցանիշների, մասնագիտական պատրաստության և օրինակելի ծառայության համար։ Պարգևատրվել է նաև ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի կազմավորման 27-րդ ամյակի և ՀՀ հումանիտար ականազերծման աշխատանքներում բարձր մասնագիտական հմտություններ ցուցաբերելու համար։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է թեժ մարտերին։ Եղել է Իշխանաձորում, Ջրականում և Սանասարում։ Մարտերի ընթացքում վերացրել է թշնամու մեծաքանակ տանկեր և զրահատեխնիկա՝ թշնամուն պատճառելով բազմաթիվ կենդանի ուժի կորուստ։

Պատերազմի ընթացքում հարազատների հետ խոսելիս ասել է .

"Ես նենց տղա ունեմ, որ իրա համար պիտի գամ անպայման... Էնքան մին եմ դրել, որ սաղին խանձելով առաջ ենք գնում... Ես իմ ոտքով եմ տուն գալու, ոչ մի հոսպիտալ, իմ ոտքով տուն եմ մտնելու։ Չգիտեմ երբ, բայց գալու եմ դուռը բացեմ ներս մտնեմ...": 

Այդպես էլ չեկավ… Զոհվեց հոկտեմբերի 25-ին Սանասարում՝ հերթական գործողությունների ժամանակ թշնամու կողմից արձակված կասետային ռումբի պայթյունից։

2021 թվականի հունվարի 21-ին ՀՀ նախագահի հրամանով Անուշավան Լևոնի Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայության» մեդալով՝ Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…