«Այս լուսավոր տղան մինչև վերջին րոպեն հսկում էր ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՐԿԻՆՔԸ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Աշոտ Խաչատրյանին

Աշոտ Թորգոմի Խաչատրյանը ծնվել է 2001 թվականին Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում:

2007-2019թթ. սովորել է Այգեշատի միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ լրագրություն ֆակուլտետը: Հաճախել է նաև շախմատի, ըմբշամարտի, լողի և պատանի թատերագետի խմբակների: Սիրում էր գրականություն և պատմություն առարկաները: Կարող էր անդադար պատմել Հայ արքաների սխրանքների մասին:

Ապագա լրագրողը, ուսումը կիսատ թողնելով, 2019 թվականին զորակոչվել է Հայոց բանակ: Ծառայել է հակաօդային պաշտպանությունում, հսկել է հայրենիքի երկինքը: Հերոսը պայքարել է մինչև վերջին շունչը և զոհվել սեպտեմբերի 29-ին:

«Աշոտը 19 տարեկան էր, մեկուկես տարի առաջ էր զորակոչվել, մի քանի ամսից պետք է տուն վերադառնար»,- պատմում է Արցախում զոհված Աշոտ Թորգոմի Խաչատրյանի ազգականը՝ Վաչագան Համբարձումյանը:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - haya-57-3-1024x576.png

«Աշոտը երեխաներից մեծն էր, ունի իրենից փոքր 2 եղբայր, ապրում էր ծնողների հետ: Աշոտը շատ խելացի տղա էր, չափված-ձևված, իր բերանից երբեք հայհոյանք չեմ լսել, մեկի ոտքը որ տրորեր՝ 10 անգամ պետք է ասեր՝ կներեք: Իր դեմքին անընդհատ ժպիտ կար, անգամ, երբ մահացել է, իր դեմքի ժպիտը կար: Շատ աշխույժ երեխա էր, սիրում էր, օգնել բոլորին, յուրահատուկ երեխա էր»,- պատմեց նրա ազգականը: