«Խոցել եմ 10 տանկ, եղել են շարասյուներ, որ կանգնեցրել եմ, գալիս էին 6-7 տանկով»․ Արցախի հերոսի կոչում ստացած Էդգար Մարկոսյանի սխրանքները

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Արցախի հերոս» բարձրագույն կոչման է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի մասնագիտության ուսանող, զինծառայող Էդգար Էդվարդի Մարկոսյանը։

«Է․Մարկոսյանը Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը»,-այս մասին ասել է հենց Արցախի նախագահը ուղիղ եթերի ժամանակ։

«Ուզում եմ մեր ժողովրդին ասեմ, որ հանգիստ լինեն, մենք սահմանին ենք, թեկուզ, կյանքի գնով», — ասել է հենց ինքը՝ հերոսը։

«Ուշք ու միտքս տղերքի հետ է, զանգում եմ, վիճակն եմ հարցնում, մաքսիմում փորձում եմ իրենց կողքը լինեմ, մինչև գնամ, հասնեմ իրենց», — այսպես էր ասում հերոս Էդգարը դեռ պատերազմի ժամանակ, երբ վիրավորվել էր ու հիվանդանոցում էր գտնվում։

Էդգարը տանեցիներին խաբել, ասել էր, թե ինքը չի կռվում, թիկունքում է: Բայց ուղիղ եթերի ժամանակ ծնողներն ու քույրը ամեն ինչ իմացել են։ «Խոցել եմ 10 տանկ, եղել են շարասյուներ, որ կանգնեցրել եմ, հակառակորդի կողմից գալիս էին 6-7 տանկով, առաջին տանկը, դիմացից եկողին կանգնեցնում էի, մնացածին հրետանին խոցում էր» ,-պատմել է հերոսը: