«Ցանկացած օր պետք է այնպես ապրել, ասես դա մեր կյանքի ՎԵՐՋԻՆ ՕՐՆ է. ինչի՞ էիր էդքան հաճախ կրկնում այս խոսքերը». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԷՄԻԼԻ մասին

Էմիլ Մարտիրոսյանը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 19-ին Արտաշատում: Նա ապագա բժիշկ-մարտիկ էր: Երկու քույրերի փոքր եղբայրը սովորել է Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։

Առաջին կուրսն ավարտելուց հետո՝ 2020 թվականի օգոստոսի 14-ին, զորակոչվեց բանակ։ Ծառայությունն անցնում էր Հադրութում: Շատ ժամանակ չէր անցել ծառայությունից, երբ սկսվեց պատերազմը։ Հերոսը մարտնչել է պատերազմի ամենաթեժ կետերում: Էմիլը զոհվել է հոկտեմբերի 1-ին Վարանդայում զինվորական պարտքը կատարելիս:

«Տարբեր նախասիրություններ ուներ, շատ էր ընթերցում: Նրա հետ կարելի էր զրուցել ամենատարբեր թեմաներով՝ Մոնթեի հայրենասիրական հայացքներից մինչև Սթիվ Ջոբս, որոնք նրա համար մարդկային արժանիքներով լի կենսագրություն ունեցող կերպարներ էին: Ունենալով հարազատ քրոջ օրինակը՝ մեծ հպարտությամբ էր նշում, որ բժիշկ է դառնալու: Բազում երազանքներ ու նպատակներ ուներ, որոնք անկատար մնացին»,- պատմում է քույրը՝ Մարիամ Մարտիրոսյանը:

Էմիլը ծնողասեր զավակ էր, հոգատար ընկեր և եղբայր: Մոր հետ վերջին հեռախոսային խոսակցության ժամանակ նշել էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում և իր զորամասն ամենալավերից է:

«Էմիլն ասում էր. «Ցանկացած օր պետք է այնպես ապրել, ասես դա մեր կյանքի վերջին օրն է»: Միասին հասցրեցինք սովորել ընդամենը մեկ տարի»,- պատմում է համակուրսեցին՝ Աննա Ավագյանը: