«Պատերազմից 52 օր անցել էր, երեխեքը շրջափակման մեջ էին, ոչ ոք չգնաց օգնելու». ՀԵՐՈՍ ՀԱՅԿԻ մայրը նույնիսկ հրաժարվել է վերցնել որդու մեդալը

Հայկ Հրանտի Հարությունյանը ծնվել է 2002 թվականին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

Բուհական կրթությունը կիսատ թողնելով՝ ծառայության է անցել Ջրականում: Լինելով ընդամենը 2 ամսվա զինծառայող՝ պատերազմի հենց առաջին օրից մարտնչել է թշնամու դեմ: Այնուհետև Հայկին զինակից ընկերների հետ տեղափոխել են Հադրութ, որտեղ նրանք հայտնվել են շրջափակման մեջ: Նրանք 90 օր շարունակ կյանքի ու մահու կռիվ են տվել:

Հերոս Հայկը խոշտանգվել է դաժան ոսոխի կողմից և սպանվել դեկտեմբերի 27-ին:


«Երկրին տեր չկար, ղեկավարություն չկար, որ գնային, տեր կանգնեին էրեխեքին»,- հուզմունքով ասում է 48-ամյա Մելիտա Մեսրոպյանը՝ հերոս Հայկ Հարությունյանի մայրը:

«Ոչ ոք ոչ մի բան չարեց, երեխեքը կապվել էին, ասել էին, որ շրջափակման մեջ են, ես անձամբ հանդիպել եմ վարչապետի հետ, ասել եմ՝ էրեխեքը ողջ են, ասել ա՝ հնարավոր չի, ոնց կարան էրեխեքը ողջ լինեն։ Հետո Տելեգրամի ալիքով թուրքերը վիդեո էին դրել, նկարել էին բոյը, մենք մեր երեխեքին ճանաչեցինք ու արդեն հասկացանք, որ մեր էրեխեքին խփել են»,- հուզվում է  որդեկորույս մայրը։

Մելիտայի խոսքով՝ հունվարի 3-ին 6 տղաների մարմինները փոխանցել են Արցախ, հունվարի 5-ին տղաների դիերը արդեն Հայաստանում էին։ Հունվարի 7-ին հուղարկավորել են Հրազդանի ընտանեկան գերեզմանում:

«Էրեխեքին տարել են, հանձնած Հադրութում են լցրել։ էրեխեքը հրամանատար չեն ունեցել, իրանց մեջից մի քիչ երկար ծառայածին տվել են հրամանատար, մնացածը փախել են: Էրեխեքը ոչ ճանապարհ են իմացել, ոչ քարտեզ են ունեցել, սկզբից եղել են 21 հոգով, հետո բաժանվել են խմբերի, որ կարողանան թշնամուց խուսափեն»,- ցավով պատմում է Մելիտան։

Հայկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, սակայն ընտանիքը մեդալը չի վերցրել։ «Ինձ մեդալը պետք չէր։ Իմ էրեխեն եթե պատերազմի ժամանակ զոհված լիներ, կասեի՝ էրեխես չի կարողացել, բայց իմ էրեխեն պատերազմն անցել ա, 52 օր պայքարել ա, բայց ոչ ոք չգնաց, չփրկեց շրջափակման մեջ հայտնված էրեխեքին։ Մեդալն ինչի՞ս է պետք»,- մորմոքով ասում է որդեկորույս մայրը։

Որդու զոհվելուց հետո Մելիտան ասում է՝ տնից դուրս չի գալիս, ոչ խանութ է գնում, ոչ որևէ մեկի հետ շփվում։

«Իմ կյանքը վերջացել ա։ Ո՞նց կարաս ապրես, եթե քո ամեն նպատակը կապված էր քո էրեխու հետ։ Չենք ապրում, ուղղակի ստիպված շնչում ենք, էնքան որ շնչում ես, չգիտես ինչի համար, անիմաստ դատարկություն»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։