«Երիտասարդ, որից լույս էր ճառագում»․ հերոս Նարեկ Բաբայանը կռվել է ամենաթեժ կետերում, թշնամուն ծանր կորուստներ պատճառել ու անմահացել

Թե′ պատերազմի օրերին,և թե՛ պատերազմից հետո, շարունակում ենք հպարտանալ մեր հայրենասեր տղաների սխրանքներով: Անկախ ամեն ինչից, նրանք մեզ հետ են, որպես անմահ հերոսներ ու լեգենդներ։ Նրանք լիքն են հայրենիքով ու մեծ սիրով։

Անմահ հերոսների կողքին իր անունը թողեց Նարեկ Արթուրի Բաբայանը, ով առաջնագիծ էր մեկնել որպես կամավոր: Նա սովորում էր մարքեթինգի և բիզնեսի կառավարման ֆակուլտետում։ Նախորդ տարվա հոկտեմբերի 12-ից մեր քաջարի մարտիկից լուր չկար, ծնողները հույսեր էին փայփայում, որ նա ողջ է, բայց ցավոք սրտի որոնողական աշխատանքների ժամանակ գտել էին Նարեկի մարմինը։

Հերոսի մասին համակուրսեցիները պատմում են, որ հանգիստ ու հավասարակշռված, խելացի տղա էր: Բարի էր, ընկերասեր, կյանքով լի: Արդեն աշխատանք ուներ, սիրում էր իր մասնագիտությունը, որպես մարքեթինգի մասնագետ աշխատում էր «Զիգզագ» ընկերությունում, բայց ամենից շատ նա սիրում էր հայրենիքը:

Երևանում ծնված ու հասակ առած հերոս Նարեկը պատերազմի լուրն առնելուն պես մեկնել էր առաջնագիծ և կռվել ամենաթեժ կետերում` Հադրութ, այնուհետև Մեխակավան (Ջեբրաիլ):

Բոլորը նրան այսպես են հիշում․  «Երիտասարդ, որից լույս էր ճառագում»։ Հավերժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին։