«Գժվում էր իր երեք աղջիկների համար, ծառայության օրերին անպայման պիտի զանգեր, խոսար հետները». իմացե՛ք ՀԵՐՈՍ Վարդան Պողոսյանի սխրանքները

Կրտսեր սերժանտ Վարդան Դերենիկի Պողոսյանը ծնվել է 1987 թվականին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Նա երկար տարիներ զառայել է ՀՀ Զինված ուժերում:

Պատերազմի առաջին իսկ օրերից եղել է մարտի դաշտում: Մարտնչել է թշնամու դեմ, անձնուրաց պայքար է մղել և ընկել է հանուն հայրենիքի հոկտեմբերի 2-ին Քարվաճառում: Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

33-ամյա վարդենիսցի պայմանագրային զինծառայողը 3 դուստր ունի: Նրանցից երկուսը՝ երեքամյա զույգ աղջիկները՝ Միլենան ու Գայանեն հիմա դեռ փոքր են, բայց տարիներ անց կգիտակցեն ու կհպարտանան իրենց հոր սխրանքով, ով հանուն հայրենիքի զոհեց կյանքը։ Իսկ մեծ աղջիկը՝ 8-ամյա Ռիման արդեն արցունքները զսպելով՝ անթաքույց հպարտությամբ իր ընկերներին կպատմի հոր մասին։

«Ընտանիքին նվիրված էր, գժվում էր աղջիկների համար, միշտ ծառայության օրերին անպայման պիտի զանգեր, խոսար հետները, որպեսզի հանգիստ լիներ»,– պատմել է Վարդան Պողոսյանի բարեկամներից մեկը։

Երկար տարիներ ծառայելով ՀՀ Զինված ուժերում, Վարդանը տիրապետում էր ռազմական հմտությունների։ Հրամանատարը խոստացել էր միջնորդել՝ հեռակա կարգով ուսանելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որպեսզի էլ ավելի ամրապնդվեին Վարդանի գիտելիքները։ Ցավոք, ինչպես այդ, այնպես էլ Վարդան Պողոսյանի շատ ծրագրեր կիսատ մնացին։

Փառք ու պատիվ մեր բոլոր Հերոսներին:

Պարտական ենք Ձեզ՝ մեր ամեն բացվող առավոտի համար…