Պարույր Սևակը ծնողների մինուճար որդին էր. գիտե՞ք՝ ինչ էր կանչում նա իր մորը և ինչ գրառում է արել նրա մասին

Պարույր Սևակը մանկությունից մշտապես զգացել է ծնողների հոգատարությունն ու սերը: Չէ՞ որ նա իր ծնողների մինուճար որդին էր:

Ծնողները Պարույրի մեջ պատվաստել էին այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են՝ նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում և անկեղծ ու ջերմ սեր հատկապես մոր նկատմամաբ:

Պարույրն իր մորը Ազի էր կանչում և գրառուների մի ծոցատետրում նրա մասին գրում է.

 «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում: 
Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով: 
Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դիզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը: 
Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը:
 Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»: