Ընդամենը 16 տարեկան էր, երբ կամավոր մեկնեց պատերազմ՝ թողնելով այս գրությունը. «Մամ, պապ ես քեցի կռեվ». ճանաչե՛ք արցախյան 3 պատերազմներին էլ մասնակցած ՀԵՐՈՍ Բորիսին

Բորիս Արմենի Գասպարյանը ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 21-ին Սումգայիթ քաղաքում: Սումգայիթի ջարդերից մի կերպ փրկվելով՝ ընտանիքով տեղափոխվում են Արցախ: 1988 թվականից ապրել է Արցախում: Սովորել և ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 դպրոցը:

Բորիսը Արցախի համար մղվող երեք պատերազմներին էլ մասնակցել է: Ընդամենը 16 տարեկան էր, երբ կամավոր մեկնեց պատերազմ՝ լուցկու տուփի վրա գրություն թողնելով. «Մամ, պապ ես քեցի կռեվ»: Նույնիսկ մի քանի անգամ հորեղբայրը ռազմի դաշտից Բորիսին ծեծելով բերել էր տուն, սակայն նա էլի ելք էր գտել և գնացել միացել կամավորական ֆիդայիներին։ 

1992-1994 թվականներին Արցախի պաշտպանական շրջանում որպես հետախուզական դասակի հրամանատար էր։ Զինվորներին շատ էր սիրում, մայրիկին միշտ համով ուտելիքներ էր պատրաստել տալիս և իր հետ տանում դիրքեր։ Բնավորությամբ աշխույժ էր, կատակասեր, սիրում էր պարել, պարում էր և ուրախ առիթներով և անառիթ։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից կամավորագրվել և մեկնել է առաջնագիծ։ Զանգել է մայրիկին՝ տիկին Ռոզային և ասել. «Մամի, վռազ ուտելիք պատրաստիր», մայրը դրսում է դիմավորել որդուն, Բորիսը շատ էր շտապում:

Երբ ծնվեց Բորիսի առաջնեկը, որդուն անվանեց իր անունով՝ Բորիս, կինը` տիկին Էլմիրան, հարցրեց, թե ինչու հենց Բորիս, նա էլ պատասխանեց. «Իմ ընտրած ճանապարհը վտանգավոր է, ուզում եմ որպես հուշ անունս թողնել որդուս…»

Բորիսը սկզբում մարտեր էր մղել  Եղնիկներ պաշտպանական շրջանում, Մռավի լեռներում, Սղնախում, Չախմախ տեղամասում, Քարին Տակ գյուղում, Շուշիում։ Պատերազմի թեժ պահերին հասցրել է նաև այցելել Զարդանաշեն՝ զոհված հորեղբոր գերեզմանոց։ 

Հոկտեմբերի 21-ին Բորիսի ծնունդն էր: Այդ օրը վերջին անգամ նշեց… նշեց մարտական ընկերների հետ սահմանին…

Երբ Բորիսի ընկերոջ՝ Թովմասի եղբայրը զանգել էր Թովմասի հեռախոսահամարին, զանգին Բորիսն է պատասխանել. «Ախպերս, Թովմասը ծանր վիրավոր է, գրկումս է»։

Հերոսները հերոսաբար զոհվեցին թշնամու խմբավորումների հարձակումից Շուշիի մատույցներում։ Մի քանի ժամ անց թշնամու մեծածավալ ուժերին համառ դիմադրություն ցուցաբերելով՝ նահատակվում է նաև Բորիսի և Թովմասի ընկերը՝ Նարեկը։

Բորիս Արմենի Գասպարյանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և արիության համար հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշանով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…