«Զոհվեց հենց այն դիրքում, որտեղ տարիներ առաջ հակառակորդի կրակոցներից զոհվել էր նրա քեռին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Հրանտին

Հրանտ Միասնիկի Գրիգորյանը ծնվել է 1989 թվականի հունիսի 27-ին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում: Սովորել է տեղի Եսայի Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գյուղատնտեսական համալսարան:

Հայոց բանակ զորակոչվել է 2007 թվականին, ծառայել է Քարվաճառում, իսկ 2011 թվականից ծառայության է անցել Հայաստանի խաղաղապահ բրիգադում, ունի բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր և շքանշաններ:

2020 թվականի 44-օրյա պատերազմի հենց սկզբից պաշտպանել է իրեն վստահված դիրքերը: Թեժ մարտեր է մղել Քարվաճարում, Օմարի լեռներում: Մարտական ընկերների պատմելով՝ Հրանտը կռվի ամենա թեժ պահին օգնել է ժամկետային զինվորներին, վիրավոր տղերքին դուրս է բերել վտանգավոր գոտուց, զոհված տղերքի դիակները չի թողել մարտի դաշտում, բազմաթիվ անգամ փրկել է իր մարտական ընկերների կյանքը, ովքեր էլ հիմա պատմում են Հրանտի հերոսությունները:

Զոհվում է սեպտեմբերի 29-ին Քարվաճառի թեժ մարտերի ժամանակ բեկորային մահացու վիրավորումից, զոհվում է հենց այն դիրքում, որտեղ 2014 թվականին հակառակորդի կրակոցներից զոհվել է Հրանտի քեռին:

Ենթասպա Հրանտ Միասնիկի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայության» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…