«Չկարողացանք ետ պահել, վազեց վիրավոր եղբորն օգնելու ու երկուսն էլ զոհվեցին». ճանաչե՛ք ԱՆՄԱՀ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ

Կյանքը հայրենիքին նվիրած Ժորա Արզումանյանի կնոջ հիշողություններում ամուսինը մնում է որպես օրինակելի ամուսին եւ անկրկնելի հայր: Ժորան երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում: Կնոջ խոսքով՝ նա կամեցող էր, ուներ հանգիստ բնավորություն, ընտանիքին նվիրված մարդ: 

Լիլիթ Ղազարյանը նշեց, որ Ժորան և նրա հարազատ եղբայրը աշխատել են նույն վայրում և հսկել են միևնույն դիրքը: Հերոսը սեպտեմբերի 30-ից եղել է դիրքերում և միայն հոկտեմբերի 24-ին, երբ արդեն կային նրանց փոխարինողներ կարողացել է վերադառնալ տուն. «Եկավ այն պայմանով, որ երկու օրից նորից  պետք է բարձրանան դիրքեր: Ամսի 27-ին, երբ ամուսինս նորից պետք է բարձրանար՝ եղբորը փոխարինելու, ասացին, որ կարիք չկա վերադառնալու, քանի որ ողջ զորքին արդեն ներքև են իջեցնելու»,— ասաց Լիլիթը:

Սակայն հոկտեմբերի 30-ին Ժորան նորից հեռախոսազանգ է ստանում, և նրան հայտնում են, որ պատրաստվի ամսի 2-ին նորից դիրքեր բարձրանալուն. «Եկավ ամսի 2-ը և Ժորան նորից բարձարացավ դիրքեր: Երբ հեռախոսով խոսում էինք, շատ ուրախ էր, ասում էր, որ ամեն ինչ լավ է՝ հաղթելու են և վերադառնան»,- վերհիշեց հերոսի կինը՝ հավելելով. « Ամեն օր խոսել ենք մինչև ամսի 7-ը, այդ օրվանից հետո այլևս լուր չենք ստացել Ժորայից: Վերջին անգամ երկու եղբայր զանգել են տուն, ծնողների հետ են խոսել, ասել են, որ լավ են և շուտով վերադառնալու են»,- ընդգծեց նա:

Չորս տարի առաջ այն օը, երբ Լիլիթը եւ Ժորան ամուսնացան, նա ստանում է ամուսնու զոհվելու լուրը. «Այդ նույն օրը իմացա, որ Ժորայի ու նրա եղբոր դիակը ճանաչել են: Մինչև վերջ էլ մենք հույս ենք ունեցել, որ Ժորան ողջ է, պարզապես անտառներում է, քանի որ ինքը իր տեսակով ամեն իրավիճակից ելք գտնող էր»,- հուզմունքով պատմում է Լիլիթը:

«Դիրքերից իջած ամուսնուս ընկերները պատմում են, որ Ժորայի ավագ եղբայրը վիրավորվել է և նրան ձայն է տվել օգնության, ընկերները Ժորային թույլ չեն տվել, որ գնա, քանի որ այդ հատվածը եղել է ակտիվ կրակահերթի տակ, սակայն Ժորան գնացել է. երկուսն էլ ստացել են մահացու հրազենային վիրավորում»:

Լիլիթը հպարտությամբ իր ամուսնուն ողջ և առողջ ճանապարհեց հայրենիքի պաշտպանության և հպարտությամբ էլ ընդունեց ամուսնուց մնացած վերջին հուշերը. «Ամունուցս ինձ է հասել նրա գրապանի մի քանի մետաղադրամ, թղթադրամ և պարանոցից գցված փայտից խաչը, որը 2 օր առաջ ուխտ էինք արել, գնացել էինք Ղալթախչու սուրբ Հովհաննես մատուռը: Խաչը հանձնեցին ինձ, այն արյունոտ էր»,-  եզրափակեց զոհվածի կինը: