«Հովհաննեսը փրկել է 102 հոգու կյանք, վիրավոր ընկերոջը հասցրել հիվանդանոց և նորից վերադարձել Շուշի». կարդա՛ ՀԵՐՈՍԻ պատմությունը

Ուսուցչուհի, ստեղծագործող Նարինե Ավագյանը գրում է. «Լուսանկարում Մուրացանի անվան հ 18 հիմնական դպրոցի սան Հովհաննես Մարուքյանն է: Ի՞նչ պատմեմ այս չարաճճիորեն ժպտուն ու պսպղուն աչքերով տղայի մասին ես՝ նրան առաջին դասարանից դասավանդած ուսուցիչս, ով այսօր սրտի կծկումով է գիտակցում այն փաստը, որ այդ աչքերն այսուհետ փակվեցին:

Սիրո՞ւմ էր սովորել, ուսման առաջամարտի՞կ էր, անխոս ենթարկվում էր դպրոցի ներքին կարգապահական կանոնների՞ն՝ ոչ մի էական նշանակություն չունեցող բաներ են: Նա լավ ընկեր էր, համարձակ տղա, և վստահ եմ, այսօր բոլորն են համոզված դրանում: Ափսոս, որ այսքան թանկ վճարեց հերոսի անունն ու պատիվը վաստակելու համար:

Հով ջան, ես՝ քո տարիների ուսուցիչը, ում աչքի առաջ ես մեծացել ու հասակ առել, այսօր խոստովանում է, որ դու կյանքի դաս ես տվել քեզանից տարիքով ու կրթությամբ շատ ավելի վերև կանգնած հարյուրավորների: Ես խոնարհվում եմ քո սխրանքի, քաջության ու պսպղուն, զուլալ հայացքիդ առաջ: Խունկ ու խոնարհում, հավերժ փառք քեզ, տղես, որ այլևս լույս ես:

Քանի ապրում ես մարդկանց սրտերում, ուրեմն ողջ ես, իսկ ես իմ մասով վստահեցնում եմ քեզ, որ դու այլևս անմահ ես: Հովհաննեսը փրկել է 102 հոգու կյանք, վիրավոր ընկերոջը հասցրել հիվանդանոց և նորից վերադարձել Շուշի, որի մատույցներում էլ զոհվել է նոյեմբերի 7-ին»:

Փա՛ռք, Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: