Գիտե՞ք՝ ով է եղել Երևանի առաջին լիմոնադ արտատրողը, ումից օգտվում էր ողջ ԽՍՀՄ-ը. որտե՞ղ է այսօր գտնվում լքված գործարանի շենքը.

Եկեք մի պահ վերադառնանք 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ ու կարդնաք այդ ժամանակ Երևանում գործող զովացուցիչ ընպելիքների «Լաստո» գործարանի մասին:

Այսօր թերևս քչերն են տեղյակ այն ուշագրավ փաստի մասին, որ 20-րդ դարասկզբին Թիֆլիսի հանրահայտ «Լագիձե» ընկերության գազավորված մրգային ջրերի արտադրությունը միակը չէր մեր տարածաշրջանում: Նահանգային կենտրոն Երևանում նույնպես մեծ հաջողությամբ իր գործունեությունն էր ծավալում լիմոնադի և հանքային ջրերի մեկ այլ ձեռնարկություն:

«Լաստո» անունը կրող զովացուցիչ ըմպելիքների երևանյան գործարանը հիմնադրվել էր 1892 թվականին գործարար և բարեգործ Խաչատուր Գիլանյանի կողմից, և այն փաստացի առաջին նմանատիպի գործարանը հանդիսացավ ներկայիս Հայաստանի տարածքում:

Կարճ ժամանակ անց Գիլանյանի երևանյան լիմոնադն արդեն սկսում են ճանաչել նաև Կովկասից դուրս: 1897 թվականին Կիևում կազմակերպված համառուսաստանյան գյուղատնտեսական ցուցահանդեսին «Լաստո» գործարանի արտադրանքը իր բարձր որակի համար ստանում է բարձրագույն մրցանակ, իսկ 1898-ին Պրահայի միջազգային ցուցահանդեսում արժանանում է ոսկե մեդալի: Հաջողությունն այնքան մեծ է լինում, որ Գիլանյանը գործարանային մասնաճուղ է բացում Թիֆլիսում, որտեղ նմանատիպի արտադրանքի իրացման իր մնայուն շուկան արդեն ուներ «Լագիզե» ընկերությունը:

Նշենք, որ Խաչատուր Գիլանյանը հայտնի է եղել նաև որպես հասարակական գործիչ և բարերար: Մասնավորապես, նա մեծ օգնություն է ցուցաբերել առաջին աշխարհամարտի արհավիրքներից մազապուրծ եղած և Երևանում ու Էջմիածնում ապաստանած արևմտահայ փախստականներին՝ տրամադրելով նրանց ժամանակավոր կացարաններ, հագուստ, սնունդ և այլն:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Գիլանյանի գործարանը ազգայնացվում է, և շուտով այն վերաբացվում է որպես լիմոնադի արտադրման պետական ձեռնարկություն: